Քրդական ռազմականացված ստորաբաժանումները առանց մարտի լքել են Իրաքի հյուսիսում գտնվող երեք բնակավայրերը: Ինչպես հաղորդել է Քրդական ազգային լրատվական գործակալությունը՝ ստորաբաժանումների՝ Էլ-Համդանիա, Բաշիկ, Կարա-Քոշ բնակավայրերը լքելուց հետո դրանք իրենց վերահսկողության տակ են առել «Իսլամական պետության» գրոհայինները:
Հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Կարա-Քոշը ծայրահեղականները զավթել էին դեռ հունիսին: Այդ ժամանակ էլ այնտեղից մինչև 10 հազար մարդ է հեռացել, որոնց մեծամասնությունը թաքնվել է Իրաքի Քրդստանի տարածքում:
Տեղեկատվության համաձայն՝ իրաքյան անվտանգության ուժերի և ծայրահեղականների միջև այս պահին կատաղի մարտեր են ընթանում Բաշիկ բնակավայրի մոտակայքում: Ավիահարվածների հետևանքով 50 մոջահեդներ և նրանց պատկանող տրանսպորտային 25 միջոցներ են ոչնչացվել:
Էլ-Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է Իրաքի արևմուտքում, գրոհայինների կողմից գնդակոծման է ենթարկվել, որի հետևանքով 7 խաղաղ բնակիչներ զոհվել են, 23-ը վիրավոր են:
Հինգշաբթի Բաղդադի հյուսիսում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում չորս մոջահեդներ են ոչնչացվել, որոնց թվում է ԻՊ-ն պարագլուխներից մեկը, որը պատասխանատու է Էդ-Թաջիում կանանց առևանգման համար:








































