Քրիստինա Ագիլերան ոչ միայն հայտնի երգչուհի է, այլև 2009 թվականից սկսած՝ World Hunger Relief բարեգործական ակցիայի միջազգային ներկայացուցիչն է, որն ամեն տարի անցկացվում է United Nations World Food Programme-ի աջակցությամբ: Օգոստոսի 5-ին երգչուհին սոցցանցերում թողարկել է Pass The Red Cup ակցիան, որի նպատակը ամբողջ աշխարհում սովի դեմ պայքարն է, գրում է Spletnik.ru-ն:

Պրոմո-հոլովակում հղի երգչուհին կարմիր բաժակների վրա ստորագրում է՝ սեփական փորը որպես սեղան օգտագործելով: Նա կոչ է անում իր երկրպագուներին միանալ բարեգործական ակցիային՝ կարելի է 5 դոլար զոհաբերել և օգնել միանգամից 20 երեխայի:
«Այն գիտակցումը, որ բարձր մեդիա-տեխնոլոգիաների և կապի այլ միջոցների մեր դարում գրեթե 850 միլիոն մարդ սոված է պառկում քնելու, ցավ է իմ սրտին: Նրանց մեծ մասը երեխաներ են: Որպես մայր՝ ես չեմ կարող հանգիստ ընդունել այդ փաստը»,- ասել է Ագիլերան:

Ակցիայի շրջանակներում Ագիլերան այցելել է Ռուանդայում Կոնգոյի փախստականների ճամբարը: Փախստականների հետ շփումը շատ է ազդել նրա վրա: «Նրանք պատմել են, թե ինչպես են բռնությունից փախել իրենց երկրներից: Նրանց քաջությունն ու լավատեսությունը ուղղակի անսահման են»:











































