Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ նախատեսված չեն բանակցություններ վարել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ.
«Ընդհանուր առմամբ Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Հնարավոր է՝ դրանք ընթանում են փակ ձևաչափով, սակայն սկզբունքորեն այդ քննարկումներն առկա են, և մինչև տարեվերջ մենք պետք է լուծենք այդ հարցը: Ռուս-ադրբեջանական համաձայնագրով Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանագրի ժամկետը սպառվում է դեկտեմբերին: Այդ պատճառով էլ տվյալ դեպքում բանակցություններն անցկացվում են բավական ինտենսիվորեն»:
Ռուսաստանը պլանավորել է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականը, սակայն Ադրբեջանը պահանջել է 43 անգամ ավելացնել տարեկան վարձավճարը՝ 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի: