«Հրապարակ»-ը գրում է. «Երբ մոտ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անշրջելիորեն, անմնացորդ ու վերջնականապես հանձնվում է Ռուսաստանին, գնում է Մաքսային միություն, իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու իշխանամետները եւ հայաստանյան ռուսասեր ընդդիմության բազում ներկայացուցիչներ «դամ պահեցին», որ դա Հայաստանի ռազմավարաքաղաքական անվտանգության տեսանկյունից լավագույն որոշումն է, դա անվտանգության բարձիկն է, որը տրվում է տարածքային կոնֆլիկտ ունեցող մեր երկրին: Ռուսահպատակության քաղաքականության տակ տեւական ժամանակ է՝ քողարկվում էր նաեւ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու փաստը: Ամիսներ անց, ինչպես սպասելի էր, «փուչիկը» պայթեց՝ սահմանային գնդակոծությունների արդյունքում, իսկ նախապատերազմական վիճակին Ռուսաստանի արձագանքն ուղղակի ծիծաղելի է, ով «երկու կողմերին» կոչ է անում չխախտել հրադադարի ռեժիմը, սա այն պարագայում, երբ ՀԱՊԿ գծով Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Առավել զարմանալի է Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, ով ստեղծված իրավիճակում էլ հայտարարել է, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող դրվել հարցականի տակ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հորդորեց դեպքերից առաջ չընկնել։ «Սպասեք, համբերեք մի երկու օր, այդ հանդիպումն էլ կլինի (նկատի ունի Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը՝ Լ. Շ.), եւ ադեկվատ պատասխաններ կկարողանանք տալ եւ քննարկման առարկա ձեր հարցը դարձնել: Եվ հետո՝ մենք դեռ չենք անդամագրվել այդ միությանը, դուք արդեն ենթադրություններ եք անում»,- վրդովվեց Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ինչով են բացատրվում անվտանգության մասին խոստումներն ու ստեղծված իրավիճակի հակասությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խորհուրդ տվեց մեզ մոտ ստեղծված իրավիճակը չառանձնացնել աշխարհաքաղաքական զարգացումներից. «Նայեք Ուկրաինայի, Սիրիայի իրավիճակները, սա մի ամբողջ աշխարհաքաղաքական պրոցես է, եւ մենք պետք է աշխատենք այնպիսի քաղաքականություն տանենք, որ այդ պրոցեսի կրկնություն մեզ մոտ չլինի: Այսինքն՝ այս ամենը միայն մեզանով պայմանավորված չէ, մի անտեսեք նաեւ, որ Մինսկի խմբում էլ արդեն ընդհանրություն չկա, եւ երկուսը մեկի նկատմամբ՝ Ռուսաստանի, արդեն սանկցիաներ են կիրառում: Իսկ ինչ վերաբերում է, որ Մաքսային միություն ընդունվելով մենք երաշխավորում ենք մեր անվտանգությունը, այո, այդ փաստաթուղթը դեռ լիարժեք չէ, եւ առաջիկայում դեռ կանդրադառնանք դրան»: Նախագահների հանդիպմանը տարածքների վերադարձի եւ ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման մասին հավանական փաստաթղթի ընդունման մասին է խոսվում, հնարավո՞ր է հենց այդպես «լուծվի» մեր անվտանգության խնդիրը։ «Այդ հանդիպումից, բացի դրականից, ես բացասական ոչինչ չեմ ակնկալում եւ վստահ եմ, որ ընդհանուր հայտարարի կգան այս կիսապատերազմական վիճակից դուրս գալու համար»,- բուն պատասխանից խուսափեց Վահրամ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




































