1882թ. այս օրը մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեսթեճյան): Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: Ամենայն հայոց կաթողիկոս է 1866-ից:
Ծնվել է 1813թ. հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ. դեկտեմբերի 6-ին Վաղարշապատում: Նրա աճյունն ամփոփված է Էջմիածնի Մայր տաճարի բակում: 1827-1829թթ. սովորել է Գում-Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար: 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ:
Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը: 1841թ. արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1848թ. հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858- ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը: 1866թ. սեպտեմբերի 17-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Օծումը տեղի է ունեցել 1867թ. մայիսի 21-ին:
Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն: 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի:









































