Ֆրանսիայում հարգել են 1914թ. օգոստոսի 1-ին համընդհանուր մոբիլիզացիայի ժամանակ բանակի շարքեր զորակոչված և Առաջին համաշխարհային պատերազմի դաշտում զոհված հարյուր հազարավոր զինվորների հիշատակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ամբողջ երկրում՝ քաղաքների կենտրոնական հրապարակներում միաժամանակ զանգեր են ղողանջել. ճիշտ այդպես ուղիղ 100 տարի առաջ ֆրանսիացիներին տեղեկացրել են Մեծ պատերազմի համար բանակ հավաքագրվելու մասին: Մայրաքաղաքում այդ առիթով միաժամանակ հնչել են Փարիզի Աստվածամոր տաճարի բոլոր զանգերը:
Հետո Փարիզի կենտրոնում տեղի է ուեցել հիշատակի արարողություն, որը գլխավորել է երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա վետերանների հարցերով պետքարտուղար Քադեր Արիֆի հետ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հիշատակին:
Ֆրանսիայում համընդհանուր զորահավաք է հայտարարվել 1914-ի օգոստոսի 1-ին: Երկրի նախագահ Ռայմոն Պուանկարեյի հրամանով օրերի ընթացքում 20-38 տարեկան մոտ 3,8 մլն պահեստազորային պետք է ներկայանար հավաքակայաններ:
Առաջին աշխարհամարտի սկսվելու 100-ամյակի հիշատակի միջոցառումները Ֆրանսիայում կտևեն մինչև օգոստոսի 3-ը՝ երբ երկիրը փաստացի մտավ պատերազմի մեջ:








































