ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես սպասվում է, նոր պետքարտուղարի և պաշտպանության նախարարի թեկնածությունները կհայտարարի երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնին հավակնում է նախկին սենատոր, հանրապետական Չակ Հեյգելը: Պենտագոնի ներկայիս ղեկավար Լեոն Պանետայի պաշտոնի այլ հավակնորդ են անվանում Միշել Ֆլուրնոյին, որը կարող է դառնալ ԱՄՆ-ում ՊՆ-ի առաջին կին ղեկավարը, Պանետայի տեղակալ Էշթոն Քարթերին և դեմոկրատ սենատոր Ջոն Քերիին:
Պետքարտուղարի պաշտոնը, որը ներկայում զբաղեցնում է Հիլարի Քլինթոնը, ամենայն հավանականությամբ, բաժին կհասնի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսին: Ջոն Քերին նույնպես հավակնում է այդ պաշտոնին:
Ինպես սպասվում է՝ տարբեր պատճառներով Օբամայի նոր վարչակազմ չեն մտնի ֆինանսների ներկայիս նախարար Թիմոթի Գայթները և, հավանաբար, արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը:








































