Curisoity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա ածխածնի հետքեր է հայտնաբերել: Այս մասին ասվում է NASA տիեզերական գործակալության հաղորդագրությունում: Նշենք, որ ածխածինը օրգանական միացությունների առանցքային տարրն է: Ածխածնի հետքերի առկայությունը կարող է նշանակել, որ նախկինում Մարսի վրա գոյություն է ունեցել կենսաձև: Գիտնականներն, այնուհանդերձ, նախընտրում են պահպանել թերահավատությունը:
«Այն փաստը, որ ինչ-որ տեղ ածխածին է հայտնաբերվել, դեռ չի նշանակում, որ այնտեղ կլինեն կյանքի ձևեր կամ կյանքի ծագման համար նպաստավոր պայմաններ: Եթե ունեք օրգանական ածխածին, սակայն չկա ջուր, ապա դա նշանակում է, որ կյանքի համար պայմանները բացակայում են»,- ասել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար մասնագետ Ջոն Գրոտցինգերը:
Գիտնականները դեռևս չեն կարողանում հստակ ասել՝ ածխածնի հետքերը աստղակերպի հետ Մարսի բախման հետևա՞նք են, թե՞ հայտնվել են հենց մոլորակում տեղի ունեցող գործընթացների արդյունքում: Ավելի վաղ տիեզերական ապարատը վայրէջքի վայրում նախկինում ջրի առկայության նշաններ է հայտնաբերել, սակայն ներկայում Մարսում ջուր չկա: