ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ շարունակում են քննարկել իրենց «ամուսնության» հավանականությունը, սակայն արդեն նրանց մեջ ի հայտ են գալիս խանդի զգացումներ և ականատես ենք լինում խանդի տեսարանների: Մասնավորապես, ԲՀԿ-ն չի թաքցնում ՀԱԿ-ի կայացրած որոշման կապակցությամբ իր տարակուսանքը:
ՀԱԿ-ը որոշել է, ՀՀԿ հետ պայմանավորվելուց հետո, որ Մարտի 1-ի ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու օրինագիծը պետք է մեկ տարով հետաձգվի: ՀՀԿ-ն խոստացել է, ընդ որում` նաև լիագումար նիստում հրապարակավ, որ կողմ է քվեարկելու մեկ տարի անց: Հովիկ Աբրահամյանը նույնիսկ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունը բացահայտելու է Մարտի 1-ը: ՀԱԿ-ը սա հաղթանակ է հայտարարել, իսկ ԲՀԿ-ն ամենուրեք արտահայտում է իր զարմանքը և ՀԱԿ-ի հասցեին ակնարկներ անում: Ինչպես ասում են` սերն առանց խանդի չի լինում, և սա, ըստ երևույթին, այս դեպքն է: Բայց, մյուս կողմից, ՀԱԿ-ը տվել է խանդելու առիթներ: Բանն այն է, որ ԲՀԿ-ում շատ լավ գիտեն, որ ՀԱԿ-ում հիմարներ չեն և եթե մի բան անում են, ապա գիտեն, թե ինչ են անում: Գոնե Լևոն Տեր-Պետրոսյանը` գիտե: Մի կողմ թողնենք այն, թե արդյոք ճիշտ կամ սխալ գիտեն, կամ ճիշտ կամ սխալ են անում: Դա այլ հարց է: Բայց որ անում են ինչ-որ բանը իմանալով, գիտակցելով, հաշվելով` ճիշտ, թե սխալ, ԲՀԿ-ում երևի թե հաստատ գիտեն: Եվ այդ ամենը իմանալով` ԲՀԿ-ում երևի թե համոզված են, որ ՀԱԿ-ը ՀՀԿ հետ ինչ-որ մի բան է պայմանավորվել, քանի որ չէր կարող պարզապես ՀՀԿ-ի չոր խոստման հիման վրա համաձայնության գար նախագիծը հետաձգելու վերաբերյալ: ԲՀԿ-ում անկասկած համոզված են կամ մեղմ ասած` շատ խիստ կասկածում են, որ ՀԱԿ-ՀՀԿ համաձայնությունը շատ ավելի լուրջ բնույթ կարող է ունենալ, քան ընդամենը մեկ տարի հետո խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը կողմ քվեարկելու ՀՀԿ-ական խոստումը:
Այստեղ, իհարկե, հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ նախագիծը, միևնույն է, չէր անցնելու: Այսինքն` ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը միանգամայն ի զորու էր քվեարկությամբ մերժել նախագիծը: Առավել ևս, որ ՀՀԿ-ն հայտարարել է Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին: Հետևաբար, ՀԱԿ-ի նախաձեռնությունը որևէ շանս չուներ անցնել խորհրդարանում: Սա էլ երկրորդ կարևոր բաղադրիչն է, որ ԲՀԿ-ի մոտ շատ լուրջ խանդ և մտահոգություն կարող է առաջացնել ՀԱԿ-ի պահվածքի և ՀՀԿ-ի հետ համաձայնության կապակցությամբ: Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ն կարող էր քվեարկությամբ շատ հանգիստ տապալել հարցը, բայց ՀԱԿ-ին ինչ-որ խոստումներ է տալիս մեկ տարի հետոյի հաշվարկով, ուրեմն այստեղ ինչ-որ բան էլի կա, ուրեմն ՀՀԿ-ն ինչ-որ բան մտածել է: Թե չէ ինչու պետք է Հանրապետականը ինչ-որ խոստումներ տար ՀԱԿ-ին, երբ կարող էր ընդամենը կոճակ սեղմել ու փակել հարցը:
Ահա այդ մտավախությունը կամ մտայնությունը գալիս և հակառակ կողմից լրացնում է «Բարգավաճ Հայաստանի» այն մտահոգությունները, որ ամենայն հավանականությամբ կան ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի համաձայնության առավել լուրջ բաղադրիչի մասին վերը բերված հավանականության մասով: Այսինքն` դա ևս մի վկայություն է, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն ինչ-որ շատ ավելի լուրջ և հավանական է երկարաժամկետ հարցի շուրջ են պայմանավորվածության եկել, քան ընդամենը ՀՀԿ-ի պարզունակ խոստումը: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանն» իսկապես ունի խանդելու առիթ, ինչն էլ արտահայտվում է ՀԱԿ-ի դիրքորոշման հետ կապված ԲՀԿ-ականների գնահատականներում: «Բարգավաճ Հայաստանը» երևի մտածեց, որ դեռ ոտքը դուրս չի դրել «տանից» ու մեկնել Բրյուսել` խորհրդարանական խմբակցության պատվիրակությամբ և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, երբ ՀԱԿ-ն անմիջապես նոր սիրախաղ է սկսում ՀՀԿ-ի հետ: ԲՀԿ-ում երևի սկսել են պատկերացնել, թե ՀԱԿ-ն ինչեր կանի ՀՀԿ-ի հետ, երբ իրենք արդեն Բրյուսելում լինեն:
Ի վերջո, ԲՀԿ-ում շատ լավ գիտեն նաև, որ ՀԱԿ-ի մոտ ՀՀԿ հանդեպ շատ հին «սեր» է` դեռևս 1995 թվականից, երբ այդ ուժերը միևնույն նախընտրական բլոկում էին, իսկ ԲՀԿ-ն դեռ երևի թե սաղմնավորված էլ չէր` քաղաքական իմաստով իհարկե: Միևնույն ժամանակ, սակայն, ՀԱԿ-ին էլ երևի թե մտահոգել է «Բարգավաճ Հայաստանի» բրյուսելյան այցը: Հայ ազգային կոնգրեսում այստեղ երևի թե ինչ-որ բան տեսել են` տեսել են ԲՀԿ-ի ինչ-որ «սեպարատ», ինքնուրույն «նախաձեռնություն», ու որպեսզի «Բարգավաճին» «դաս» տան, գնացել են ՀՀԿ-ի հետ համաձայնության` Գագիկ Ծառուկյանին զգուշացնելով, որ եթե նա պետք է ինքնուրույն խաղա, ապա ամենևին թող չմտածի, որ ՀԱԿ-ն էլ կմնա «մենակ տանը նստած»: ՀԱԿ-ը կելնի ու կգնա ՀՀԿ-ի մոտ, որը նրան չի վանի: Փաստն արդեն կա, մնում է ԲՀԿ-ի հետևությունները:
Իհարկե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հանդեպ երևի թե մի փոքր իրավացի չէ: Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանի» համար Հայ ազգային կոնգրեսը հարաբերությունները խզեց Արևմուտքի հետ` Վաշինգտոնի էլ, Բրյուսելի էլ, լիովին թեքվեց դեպի Ռուսաստան, սկսեց ինչ-որ անհատական ակնարկների մակարդակով Պուտինի օգտին քվեարկության կոչեր անել, շնորհավորել Պուտինին, սկսեց կողմ քվեարկել ՀԱՊԿ համաձայնագրերին, որոնք սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: ՀԱԿ-ը ԲՀԿ-ի համար լրիվ մտավ Մոսկվայի դիապազոն, ու հիմա հանկարծ պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանն առանց ՀԱԿ-ի ինչ-որ բաներ է որոնում Բրյուսելում` Կոնգրեսին թողնելով մոսկովյան գծի վրա: Այսինքն` ՀԱԿ-ն էլ, ըստ էության, ուներ «Բարգավաճ Հայաստանին» թեկուզ մի պահ, թեկուզ մի աչքով, թեկուզ մի թեթև հպման տեսքով «դավաճանելու» հիմնավոր առիթ, ինչից էլ օգտվեց:
Ինչո՞վ կավարտվի այդ խանդի տեսարանը կամ «դավաճանության թեստը», դժվար է ասել, բայց մի բան լավ է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ համատեղ քիչ բան ունեն, հետևաբար բաժանման դեպքում ունեցվածքի բաժանումը այդքան էլ ցավոտ չի լինի` թե՛ իրենց, թե՛ պետության համար, ինչը ամենևին այդպես չէր լինի, եթե բաժանումը լիներ համատեղ ունեցվածքի առկայության պայմաններում:







































