Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ստեղծել է պատժամիջոցների սեփական ցուցակը, որտեղ ներառել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԵՄ մի շարք պաշտոնյաների: Այս մասին նա գրել է սոցիալական կայքերից մեկի իր պաշտոնական էջում:
«Ամբողջ աշխարհը վկա դարձավ Լիբիայի, Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի ժողովուրդների ողբերգությանը: Իսկ վերջերս` նաև Ուկրաինայի: Ժողովրդավարության արտահանման տեսքի ներքո այդ երկրներում սպանում են խաղաղ քաղաքացիներին, կանանց, ծերերին, երեխաներին, ոչնչացնում քաղաքներ, կրոնական սրբարաններ: Այդ ամենի համար ուղղակի պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ը և Եվրամիությունը: Նրանց ղեկավարների գործողությունները պետական ահաբեկչություն են`ուղղված երկրների և ժողովուրդների դեմ»,- նշել է Ռամզան Կադիրովը:
«Այսօր ես որոշում եմ ընդունել պատժամիջոցների ցուցակ ստեղծել և դրանում ներառել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփեյին, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Ես հանձնարարել եմ սառեցնել նրանց բանկային հաշիվները և ցանկացած ակտիվներ: Հուլիսի 27-ից վերոնշյալ քաղաքական գործիչների մուտքն արգելված է Չեչնիայի Հանրապետություն»,- ընդգծել է նա:









































