Մոլդովայի հյուսիսային շրջաններում ֆերմերները շաբաթ օրը բողոքի ակցիայի են դուրս եկել և կես ժամով փակել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող «Ատակի-Միգիլյով-Պոդոլսկի» մաքսակետ տանող ճանապարհային մայրուղու հատվածը: Ցուցարարների հիմնական պահանջներն էին դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և վերսկսել բանակցությունները Մոսկվայի հետ` մոլդովական մթերքները Ռուսաստան արտահանելու վերաբերյալ, գրում է Ria Novosti-ն:
Բանն այն է, որ հուլիսի 18-ին Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակումներ է դրել Մոլդովայից Ռուսաստան թարմ մրգերի ներկրման վրա:
«Այսօրվա ակցիան նախազգուշական բնույթ է կրում: Փակվել է ճանապարհի միայն մեկ հատվածը, եթե մեր պահանջները չիրականացվեն, ապա կսկսվեն բողոքի երկարաժամկետ ակցիաները: Մենք մտադիր ենք փակել ազգային նշանակություն ունեցող մայրուղիները, ինչպես նաև մի շարք մաքսակետեր»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով` միայն Ունգուր գյուղի ֆերմերային տնտեսություններում ֆերմերները կորցրել են արդեն մոտ 2 մլն եվրո:









































