Սպիտակ տունը մալայզիական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը դրել է Վլադիմիր Պուտինի վրա: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը ԵՄ-ի հետ համատեղ աշխատում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ՝ հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հանդես է եկել առավել կտրուկ հայտարարությամբ Boeing 777-ի կործանումից ի վեր՝ նշում է Reuters-ը: «Մեզ հայտնի է, որ Malaysia Airlines-ի ինքնաթիռը խփվել է «երկիր-օդ» տիպի հրթիռով: Այն արձակվել է գոտուց, որը վերահսկում են անջատողականները, և որտեղ այդ պահին ուկրաինական բանակը հակաօդային պաշտպանության միջոց չի օգտագործել: Ահա թե ինչու մենք եկել ենք եզրակացության, որ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանը մեղավոր են այդ աղետի համար: Հետքերը տանում են ուղիղ Վլադիմիր Պուտինի մոտ»,- նշել է Էռնեստը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում անջատողականներին: BBC-ն հիշեցնում է, որ նախօրեին Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենն ասել է, որ Մոսկվան պատրաստվում է անջատողականներին «ավելի հզոր ու ժամանակակից ռեակտիվ համակարգեր փոխանցել»: Ուորենի խոսքով՝ համակարգերի տրամաչափը գերազանցում է 200 մմ-ը:
Մոսկվայում բոլոր մեղադրանքներն անվանում են «սևացում և անհիմն զրպարտություն»՝ հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:










































