Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի Սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ, նախկին գլխավոր դատախազ Գիյա Մեպարիշվիլին երկրի Սահմանադրական դատարանին կոչ է արել հստակեցնել Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամկետի սպառման հարցը.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի հունվարի 13-ին Սաակաշվիլիին հաղթող է ճանաչել նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքներով: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Լեգիտիմ ժամկետը սպառվում է 2013 թվականի հունվարին:
2006 թվականին Սահմանադրությունում իրականացված ուղղման համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նախագահական ժամկետի սպառվելու օրացուցային տարվա հոկտեմբերին: Այդպիսով Սաակաշվիլիի լիազորությունների ժամկետը կազմեց 5 տարի և 10 ամիս:
Սակայն ոչ ոք իրավունք չունի իր համար ապօրինաբար յուրացնել իշխանությունը: Այստեղ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի միջամտությունը՝ պարզաբանելու համար միմյանց հակասող այդ նորմերը: Դա միակ քաղաքակիրթ ճանապարհն է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից ողջ Վրաստանով մեկ անցկացվում է ստորագրահավաք, որպեսզի Սաակաշվիլին նախագահական պաշտոնին հրաժեշտ տա հունվարին: Այդ ակցիան ավարտվելու է հունվարի 4-ին՝ նախագահական ընտրությունների հնգամյակից մեկ օր առաջ:








































