«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում այսօր ներկայացվեց «Էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Նա նշեց, որ 2008-2012 թթ. էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում բարեփոխումներ են իրականացվել մի շարք ոլորտներում՝ ներդնելով կառավարման 15 համակարգ:
«Սա մեզ համար էլեկտրոնային չափազանց կարևոր ծրագիր է: Նախորդ չորս տարիներին բավական մեծ ուշադրություն ենք դարձրել էլեկտրոնային կառավարման համակարգին և ներդրել ենք տասնհինգ համակարգ. դրանք են՝ էլեկտրոնային ստորագրույթուն, էլեկտրոնային փաստաշրջանառության համակարգեր, հարկատու երեք համակարգ, էլեկտրոնային ռեգիստր՝ բիզնեսը գրանցելու համար, էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային կադաստր, էլեկտրոնային վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ, առցանց դիմումներ կառավարությանը, «Դատալեքս» և «Արլիս» համակարգերը, հարկային մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման համակարգ, էլեկտրոնային պատկերասրահ, նույնականացման քարտեր:
Եվ այս համակարգերի շնորհիվ այսօր արդեն վաթսուն յոթ հազար իրավական փաստաթղթեր հասանելի են առցանց: Առաջին հերթին կարող է թվալ, թե որևէ արդյունք սա չի տա: Բայց ամեն տարի շուրջ քսան հազար քաղաքացի էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում են՝ իրենց դիմումներն ընթերցվե՞լ են, թե՞ ոչ, կամ ինչ փուլում են: Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է իր դիմումի պատասխանն իմանալ ոչ թե գրավոր, այլ էլեկտրոնային եղանակով»:
Դ. Սարգսյանը նշեց նաև, որ հաջորդ տարի պատրաստվում են իրականացնել մի քանի նոր ծրագրեր: Նա մանրամասնեց դրանցից մի քանիսը. «Գործարկվելու է էլեկտրոնային փոստ ՀՀ քաղաքացիների համար: Յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ պետութան անունից պաշտոնական հաղորդագրություններ և նաև ինքն էլ կկարողանա հաղորդագրություն ուղարկել պետությանը:
Խոսեմ նաև էլեկտրոնային, մեկ միասնական առողջապահական համակարգ ստեղծելու մասին: Այսօր հիվանդը տարբեր բժշկական քարտեր է պահում իր մոտ, և հաջորդ բժշկին դիմելու համար պետք է դրանք հերթով ներկայացնի: Իսկ այժմ բոլորը կլինեն մեկ տեղում: Այդ քարտի միջոցով բժիշկը կարող է ճշգրիտ իմանալ հիվանդի ողջ ախտորոշումը և ավելի հեշտ և արագ համապատասխան բուժոգնություն ցույց տալ: Առաջիկայում հույս եմ հայտնում, որ մենք սա առարկայորեն ցույց կտանք մեր քաղաքացիներին»,-եզրափակեց Դավիթ Սարգսյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստան էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում ծրագրի ղեկավար Իվառ Թալոն: Նա մասնավորապես նշեց. «Երրորդ անգամ եմ Հայաստանում: Ես լսում էի նախարարի ելույթը, և ասեմ , որ շատ հետաոզոտություններ եմ արել այդ ոլորտում: Սակայն պետք է նկատել, որ միայն Հայաստանը չի իրականացնում նման ծրագրեր՝ բոլոր երկրներն են սա անում: Էլեկտրոնային նման ծրագիր ունենալու համար այն նախ և առաջ պետք է հասանելի դարձնել քաղաքացիների համար: Նրանք պետք է ունենան մատչելի ինտերնետ, որպեսզի կարողանան օգտվել այս ծրագրերից:
Մեկ այլ կարևոր դրույթ է էլեկտրոնային ծրագրի միջոցով ընտրություններին մասնակցելը: Ես ընտրությունների օրը շատ եմ եղել ուրիշ երկրներում, բայց կատարել եմ էլեկտրոնային քվեարկություն: Կարծում եմ, սա նույնպես պետք է ներառվի»:










































