WikiLeaks-ի ենթադրյալ տվյալներ փոխանցողի՝ շարքային Բրեդլի Մենինգի մոտ հայտնաբերվել են անձի երկատվածության նշաններ ու ինքնասպանության հակվածություն, այդ իսկ պատճառով նրան տեղափոխել են հատուկ վայր:
Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, դատարանում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի սերժանտ Քրեյգ Բլենիսը, որը ծառայել է Վիրջինիայի Քուանտիկո ռազմաբազայում (հենց այդ ռազմաբազայում է Մենինգը ծառայել 2010թ. հուլիսից 2011թ. ապրիլը):
Բլենիսը կարծիք է հայտնել, որ Մենինգի անկայուն հոգեկան վիճակը մասնակի բացատրվում է նրանով, որ բանտարկյալը դժավարություններ ունի սեփական սեռային պատկանելության հարցում:
Վկան նաև հայտնել է, որ Քուանտիկո բազա ժամանելիս Մենինգը իրեն խոստովանել է, որ մտածում է ինքնասպանության մասին:
Ավելի վաղ Մենինգի նկատմամբ դատը, որը պետք է սկսվեր դեկեմբերի 2-ին հետաձգվել է մինչև 2013թ. մարտը:
Դատական լսումների ժամանակ Մենինգը պատմել էր իր հետ Վիրջինիայի Քուանտիկո ռազմաբազայում դաժան վերաբերմունքի մասին:
Նրա փաստաբանները հայտարարել էին, որ Վիրջինիայի բանտի բանտապահները հանդես են բերել «անհանդուրժողականություն ու հոմոֆոբիա» Մենինգի նկատմամբ, սակայն բանտի աշխատակցիները հերքել էին Մենինգի խոսքերը:
2011թ. ապրիլին նա տեղափոխվեց Կանզասի «Լիվենվորտ» բազա:
Մենինգին 22 կետով մեղադրանք է առաջադրվել: Նա իր մեղքը ընդունել է 8 կետով: Նրան սպառնում է մինչև 16 տարվա ազատազրկում:










































