Թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբը հանդես է եկել հայտարարությամբ.
Երեկ’ նոյեմբերի 30-ին, ժամը 18:00-ին վարչական վարույթի շրջանակներում քննելով պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը մերժել էր քվեարկության օրը ՏԸՀ-ներում սովորական թանաքանյութ օգտագործելու մասին նրա առաջարկությունը:
Այսօր` դեկտեմբերի 1-ին Ստյոպա Սաֆարյանը և նրա լիազոր ներկայացուցիչները պատրաստել էին ԿԸՀ հիշյալ որոշումը վիճարկող վարչական գործ’ ուղղված Վարչական դատարանին: Սակայն, Ս.Սաֆարյանի լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ժամը 17:00-ին չի կարողացել դատարանում մուտք անել բողոքը, քանի որ բացի շենքը հսկող ոստիկաններից, որևէ մեկը չի եղել այնտեղ: Սեդա Սաֆարյանը հարկադրված է եղել բողոքի 1 օրինակը պատվիրված նամակով ուղարկել ԿԸՀ-ին, սակայն գործն այդպես էլ դատարան մուտք անել հնարավոր չի եղել: Ակնհայտ է, որ վարչական դատարանը չի կարող ոչ այսօր, և ոչ էլ վաղը վարույթ ընդունել և քննել գործը:
Արձանագրում ենք, որ հերթական պետական մարմինը, այս անգամ էլ’ իր անգործությամբ է խոչընդոտում հազարավոր ընտրողների /որոնք իրենք են Սաֆարյանին խնդրել քվեարկության օրն ապահովել չցնդող թանաքանյութի օգտագործում/ ու թեկնածուի ընտրական իրավունքի պաշտպանությանը:







































