Itar-Tass-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը բաց է Իրանի հետ երկկողմ բանակցություններ վարելու հարցում, եթե Թեհրանը համանման պատրաստակամություն ցուցաբերի.
«Իրանում տիրող իրավիճակն ամենաբարդ խնդիրն է, որի հետ ես բախվել եմ պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում: Դրա պատճառը Թեհրանի պահվածքն է, որը ներկայացնում է երկրաչափական պրոգրեսիայով աճող սպառնալիք, եթե նրա տրամադրության տակ հայտնվի միջուկային զենք:
Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք նրա հետ երկկողմ բանակցություններին: Մենք աշխատում ենք «Վեցյակի» գծով մեր գործընկերների հետ և պատրաստ ենք երկկողմ քննարկումների, եթե իրանցիները պատրաստ են ներառվել դրանցում: Կան հարցեր, որոնք մենք կարող ենք քննարկել: Մենք փոխըմբռնման հույս ունենք»:







































