Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրադարձություններն Ուկրաինայում համեմատել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտնում է top.rbc.ru-ն:
«Մենք տարբերություն չենք տեսնում Ուկրաինայում իրադարձությունների և ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի կամ Շոտլանդական Լոքերբիում աղետի հետ, երբ լիբիացիները Քադաֆիի ղեկավարությամբ պայթեցրին «Պան-Ամերիկան» ինքնաթիռը: Ուստի մենք սպասում ենք նույնպիսի համակարգված արձագանք ամբողջ քաղաքակիրթ աշխարհից»,- հայտարարել է հուլիսի 20-ի գիշերը Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Դրանից ոչ շատ առաջ Պորոշենկոն հեռախոսով խոսել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Զրուցակիցների հետ խոսակցության ընթացքում Պորոշենկոն կոչ է արել «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» և «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ:
Կոմորովսկու հետ զրույցում Պորոշենկոն ասել է, որ մտադիր չէ բանակցել անջատողականների հետ: Նրա խոսքով՝ «նրանք, ովքեր կապ ունեն ահաբեկչության հետ, չեն կարող բանակցային կողմ լինել»: «Նրանց հանցագործությունը պետք է հետաքննվի միջազգային դատարաններում»,- նշել է Պորոշենկոն:










































