ԱՄՆ Կոնգրեսը դիտարկում է մեկ դոլարանոց թղթադրամները մետաղադրամներով փոխարինելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Աուդիտորները կարծում են, որ դա ԱՄՆ իշխանություններին հնարավորություն կտա 30 տարվա ընթացքում խնայել 4.4 միլիարդ դոլար:
Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ի դրամային պալատը թողարկել է 2.4 միլիարդ դոլար արժողությամբ 1 դոլարանոց մետաղադրամներ: Սակայն այդ մետաղադրամների մեծ մասը պահվում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունում, իսկ դրանց արտադրությունը դադարեցվել է մեկ տարի առաջ:
Ենթադրվում է, որ այժմ մետաղադրամներ արտադրելիս կկիրառվեն ավելի էժան մետաղներ, ինչպես օրինակ՝ պողպատ, ալյումին, ցինկ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները դիտարկում են ամբողջությամբ մետաղադրամներին անցնելու հնարավորությունը: սակայն դա ևս պահանջում է մեծ ծախսեր, քանի որ անհրաժեշտ է ձեռ բերել նոր սարքավորումներ:
Ըստ վերլուծաբանների՝ թղթադրամն անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր 4-5 տարին մեկ, իսկ մետաղադրամը շրջանառության մեջ կարող է գտնվել առնվազն 30 տարի:






































