Համաշխարհային բոլոր ԶԼՄ-ները խոսում են Պաղեստինի մասին: Շատերը միակարծիք են, որ այս անգամ ԱՄՆ-ը և Իսրայելը սխալվեցին՝ կարծելով, որ Եվրոպան կաջակցի Գազայի հատվածում անցկացվող իրենց քաղաքականությանը: Դրա հետ մեկտեղ մամուլում մտավախություն է հնչում, որ պաղեստինցիների նոր կարգավիճակը միայն կբարդացնի նրանց հարաբերություններն իսրայելցիների հետ:
El Pais իսպանական պարբերականի վերլուծաբանները կարծում են, որ Իսրայելը պարտություն է կրել այս ճակատամարտում` իր միակ և, անկասկած, դաշնակից ԱՄՆ-ի հետ: Նրանք համոզված են, որ պաղեստինցիների տարածքների շրջափակման ավարտը սարերի ետևում չէ:
The New Tork Times ամերիկյան թերթը հեգնանքով է վերաբերվում այն թեմային, որ քվեարկության ընթացքում համաշխարհային բեմահարթակի քաղաքական հիմնական խաղացողներից մեկին սատարել է ընդամենը մի քանի երկիր, որոնց թվում են Պալաուն, Պանամին և Միկրոնեզիան, և միայն երկուսն են խոշոր՝ Կանադան և ԱՄՆ-ը: Մնացած ամբողջ աշխարհը կողմ է քվեարկել ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ շնորհելու բանաձևին:
Գերմանական Frankfurter Rundschau-ը կարծում է, որ Նեթանյահուն չստացավ ցանկալի աջակցություն և այդ պատճառով ՄԱԿ ԳԱ-ի քվեարկությունն անվանեց ոչ արդյունավետ` իբր թե այն չի նպաստի բանակցություններին, այլ ավելի կվատացնի իրավիճակը: Ո՛չ իսրայելական բնակավայրերը, ո՛չ Հորդանան գետի Արևմտյան ափի հսկիչ անցակետերը որևէ տեղ չեն կորչի, ինչքան էլ աշխարհը ցանկանա դա:
Huffington Post-ի վերլուծաբանները հակված են սթափ նայել իրերին: Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները:









































