«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրսի» այսօրվա թեման Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններն են՝ մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքի ֆոնին։ Այսօրվա մեր հյուրերն են՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանը և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը։
– Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության վերաբերյալ վերջին շրջանում բավական շատ են հարցադրումները հարաբերության բովանդակային փոփոխության մասին։ Մասնավորապես նշվում է, որ ժամանակն է բարեգործական բովանդակությունից անցնել զարգացման ծրագրերի իրականացմանը։ Ձեր կարծիքով, արդյո՞ք հասունացել է այդ պահը և ի՞նչ նախադրյալներ կան անցումը սահուն ու արդյունավետ իրականացնելու համար։
Լ.Ա.- Ոչ միայն հասունացել է, այլև մենք բավական ուշացել ենք։ Սփյուռքը պետք է մտածի Հայաստանի նկատմամբ իր ստրատեգիան (մասնավորապես՝ օգնության ձևով) փոխելու մասին։ Մինչև հիմա սփյուռքահայերս Հայաստանը տեսնում ենք իբրև բարեգործություն իրականացնելու տեղ, բայց դա չի համապատասխանում իրական պահանջին։ Հայաստանում կան լուրջ խնդիրներ, և եթե Սփյուռքը չմասնակցի դրանց լուծմանը, մենք շատ մեծ պրոբլեմների առաջ կկանգնենք թե՛ ժողովրդագրական, թե՛ քաղաքական առումներով։ Գիտենք, որ մարդիկ Հայաստանից արտագաղթում են ոչ միայն տնտեսական խնդիրներից դրդված, այլև մարդու իրավունքների ոլորտում առկա դժվարությունների, կոռուպցիայի պատճառով։ Եվ քանի որ Սփյուռքն այս ամենը չի դնում իր օրակարգում, դժվար թե Հայաստանում փոփոխություններ կատարվեն։ Միայն բարեգործությամբ հայրենիքը չի կառուցվի։ Իսկ դրա համար մեզ պետք են կարևոր հիմքեր՝ մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն, որտեղ մինչև հիմա չեմ տեսել Սփյուռքի լուրջ ներդրումը։
– Պարոն Հարթունյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը և հնարավորությունների այն դաշտը, որ կա Սփյուռքի՝ Հայաստանի կայացման գործին մասնակցության առումով։
– Համաձայն եմ, որ սփյուռքահայերի նվիրատվություններով և ոչ լիարժեք մասնակցությամբ ցանկացած նախաձեռնություն դատապարտված է։ Արդեն երկու տարի է՝ ապրում եմ Հայաստանում, և եթե անձամբ չզբաղվեմ ծրագրերով, առաքելությամբ, շատ բաներ կձախողվեն։ Հայրենասիրությունը հեռվից չի ստացվում։ Անարդարությունը գործում է, որովհետև համակարգը կոռումպացված է։ Ցանկացած ոլորտում ունենք խնդիրներ, և յուրաքանչյուր հայրենասեր պիտի մտածի, թե որն է իր առաքելությունը արդարության վերականգնման գործում։
– Ձեր օրինակը, կան նաև ուրիշ օրինակներ, երբ սփյուռքահայերը փորձել են Հայաստանում որևէ գործ նախաձեռնել, ներդրում կատարել, բախվել են անարդարությանը։ Արդյո՞ք այդ կոնկրետ օրինակները չեն վանում մնացած սփյուռքահայերին, որպեսզի նրանք գան ու համալրեն մեր երկրում ծրագրեր իրականացնողների շարքերը։
Ն.Հ.- Անարդարությունը ամեն տեղ գոյություն ունի։ Կան մարդիկ, որ մտածում են խաբելու, «գցելու» մասին, բայց կան մարդիկ, որ մտածում են բարի գործ անելու մասին։ Այդ բարին է բալանսը պահողը։ Պաշտոնյա մարդիկ չարաշահում են իրենց դիրքերը, բայց նրանք չեն հայ ազգի իսկական ներկայացուցիչները։ Մենք բոլորս միասին պետք է պայքարենք, որ բոլոր ոլորտներում լինեն սրտացավ ներկայացուցիչներ։
Լ.Ա.- Ուզում եմ ավելացնել, որ սփյուռքահայերի հանդեպ նման դեպքեր վերջերս եղել են, բայց հայաստանցիները տարիներ ի վեր այդ ամենից տուժում են, պայքարում են դրանց դեմ։ Սփյուռքահայերս փոքր-ինչ ռոմանտիկ մոտեցում ունենք Հայաստանի հանդեպ, մտածում ենք, որ ամեն ինչ իդեալական պիտի լինի այստեղ։ Բայց մեղրամսի ժամանակն անցել է։ Հիմա պետք է ռեալ մոտենալ և գալ ու տեսնել, որ Հայաստանը իրական երկիր է՝ լուրջ պրոբլեմներով։ Սփյուռքի համար կարևոր է Ցեղասպանության հարցը, բայց Հայաստանի զարգացումն ու ժողովրդավար լինելը կօգնեն, որ Ցեղասպանության հարցն առաջ տանենք։
– Երբ Սփյուռքը փորձում է փոքր-ինչ նախաձեռնող ու ակտիվ լինել Հայաստանի քաղաքացիական, օրինականության, իրավականության հետ կապված խնդիրներում, Հայաստանից բավական կոշտ է լինում արձագանքը, թե՝ միջամտում եք ներքին գործերին։ Սա չի՞ կարող զսպող լինել Սփյուռքի համար։
Ն.Հ.- Արդարությունը մի օրում չի հաջողվում։ Ավելի քան տասը տարի է՝ գնում-գալիս եմ, բայց վերջին երկու-երեք տարում գլխիս «սարքեցին», քրեական գործ հարուցեցին, կեղծ ցուցմունքների հիման վրա բանտ նստեցրին։ Ես, որպես ԱՄՆ քաղաքացի, կարող էի ասել՝ ես գնացի։ Կստացվեր, որ չար ուժն ինձ հաղթեց, բայց ամեն հայ քրիստոնյա ունի իր առաքելությունը, և մենք պետք է ուժեղ լինենք։
Լ.Ա.- Կոշտ բաներ, իհարկե, լինում են։ Ռեժիմը, որն ուզում է պահել իր իշխանությունը, գրկաբաց չի ընդունելու դրսից եկող ուժերին, որոնք պիտի գան ու խախտեն իր իշխանությունը։ Բայց դա չպետք է խոչընդոտ լինի։ Տարբեր ձևեր կան։ Իդեալական կլիներ, եթե սփյուռքահայերի մեծամասնությունը փոխադրվեր հայրենիք։ Հայաստանում գործում է բավական ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը որևէ աջակցություն չի ստանում Սփյուռքից։ Տարին մեկ օգնություն են տալիս հիմնադրամին ու մտածում են, որ իրենց գործն արել են։ Դա սխալ է։ Եթե ուզում ես օգնել, հետաքրքրվիր, թե ով է զբաղվում մարդու իրավունքներով, ով է պայքարում անարդարության, կոռուպցիայի դեմ և այլն, ու նրանց աջակցիր։ Ճանապարհները քանի՞ անգամ եք սարքելու, ավելի լավ չէ՞, որ զարգացնեք քաղաքացիական հասարակությունը։
– Զգացվե՞ց Սփյուռքի նախարարության օգտակարությունը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Սփյուռքի հետ աշխատանքի նոր խողովակների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
– Օգտակարությունը չեմ տեսնում, որովհետև այդ նախարարությունը չունի հստակ ծրագիր, որ սփյուռքահայերին վերադարձնի հայրենիք։ Մի քանի տարի հետո ոչ մի մարդ չենք ունենալու Հայաստանում։ Ի՞նչ է անում Սփյուռքի նախարարությունը, ի՞նչ քաղաքականություն է մշակում, որպեսզի սփյուռքահայերին օգնի։ Շատերն ուզում են գալ, բայց չկա քաղաքականություն։ Հիմա սիրիահայերն են գալիս։ Իրաքահայերը եկան… Մենք ոչ մի քաղաքականություն չունեինք, և մեծամասնությունը թողեց ու գնաց։ Նույնն է լինելու սիրիահայերի հետ։
– Այս իրավիճակում ի՞նչ ազդեցություն ունի Սփյուռքի բազմազան լինելու հանգամանքը, երբ տարբեր են ընկալումները, տարբեր երկրների հայ համայնքները տարբեր պատկերացումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների մասին։
Ն.Հ.- Լավ, թե վատ՝ մերն է հայրենիքը։ Պետք է խոհեմ լինենք իբրև ազգ։ Այստեղ տեղափոխվածներս միջոց ենք, որպեսզի սփյուռքահայերն ավելի լավ հասկանան թե անարդարությունը և թե լավը ու լավի վրա կենտրոնանան։
– Լարա, վերջին շրջանում նկատվում է այսպիսի միտում՝ Հայաստանի ուշադրության կենտրոնացում, այսպես կոչված, արևմտյան Սփյուռքից դեպի ռուսական Սփյուռք, դեպի ռուս մեծահարուստներ, բարերարներ։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը։
– Կարծում եմ, անվստահություն է ձևավորվել, և փոքր-ինչ հետ քաշվելու միտում կա։ Իսկ Ռուսաստանի հայերն ավելի պատրաստ են ներդրում անել, նրանք այնքան էլ չեն հակասում ներկայիս ռեժիմին։
– Համահայկական ներուժը պետք է օտագործել՝ մենք այլընտրանք չունենք։










































