Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում ատոմակայանների կառուցման խնդրին:
Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայում աճում է էլեկտրաէներգիայի կարիքը, ինչի համար որոշվել է կառուցել երեք ատոմակայան: Երբ նրան հարցրել են՝ արդյոք երրորդ ատոմակայանը կառուցվելո՞ւ է Իղնեադայում (Թուրքիայի եվրոպական հատված), նախարարը պատասխանել է, որ Իղնեադան երրորդ ատոմակայանի կառուցման թեկնածու վայրերից միայն մեկն է:
Լրագրողները նաև Յըլդըզին հարցրել են, թե արդյոք Բուլղարիայի նախագահի թուրքական այցի օրակարգում ընդգրկվե՞լ է Իղնեադայի ատոմակայանի հարցը՝ նկատի ունենալով, որ այն գտնվում է Բուլղարիայի սահմանի մոտ, ուստի կարող է անհանգստացնել բուլղարական կողմին: Ի պատասխան Թաներ Յըլդըզը հայտարարել է. «Դեռ հստակեցված չէ Իղնեադայում ատոմակայանի կառուցման հարցը: Այն թեկնածու վայրերից մեկն է: Բայց եթե որոշենք այստեղ կառուցել ատոմակայան, ապա այն նման չի լինի Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանին, որի գործունեության ժամկետը սպառված է, և որում բացակայում են ժամանակակից տեխնոլոգիաները: Ներկայումս մենք անցկացնում ենք երկրաբանական աշխատանքներ և պարզում թեկնածու վայրերի սեյսմակայունությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցվելու է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում: Դրա կառուցման իրավունքը տրվել է Ռուսաստանին: Երկրորդ ատոմակայանը որոշված է կառուցել սևծովյան Սինոպում: Այս ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ են տարվում Կանադայի, Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ:









































