Ամիսներ առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, բարձրաձայնեց իր տրամադրության տակ հայտնված մի տեսաերիզի մասին, որտեղ, ըստ նրա, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է սպանությունը ուրիշի գլխին բարդելու մասին, և կազմում են այն իրագործելու սցենարը:
Մասնավորապես այնտեղ խոսք է գնում սպանությունը Գևորգ Իգիթյանի գլխին բարդելու մասին, ում Մհերյանի սպանության գիշերը, դեպքից երկու ժամ անց Ալիկ Սարգսյանը կանչել է իր մոտ, և ինչպես ինքն էր ասել՝ զրուցել հետը: Սարգսյանը դա պատճառաբանում էր նրանով, որ Գևորգ Իգիթյանը Մհերյանի հետ տարաձայնություններ է ունեցել մի քրեական գործի շրջանակներում, ինչի համար մեղադրվել ու դատապարտվել էր Իգիթյանը:
Պետրոս Մհերյանը խոսելով ձայնագրության մասին ակնարկել էր, որ այդ «սարքոցին» հովանավորել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ բացարձակ կապ չունի Մհերյանի սպանության և գործի մանրամասների հետ: Ինքը, այսքան տարիներ անց, նույնիսկ չի էլ հիշում ո՛չ այդ դեպքի մանրամասները, ո՛չ Իգիթյանին և ո՛չ էլ առավել ևս տեղյակ է վերը նշված տեսաերիզից:
«Ես չգիտեմ` ինչն է պատճառը, ինչի մասին է խոսքը: Ինչ ունի, թող տանի ներկայացնի նախաքննական մարմնին: Ինչ բարձրաստիճան պաշտոնյայի անուն ունի, թող բացահայտ, առանց թաքցնելու տանի ներկայացնի: Սա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունեցող դեպք է: Որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, քանի որ դրա համար ոչ պատճառ ունի, ոչ էլ առիթ: Թող Մհերյանը ինքը պարզի, թե ով է թերացել իր պարտականությունների մեջ: Ես` որպես նախարար, ընդհանրապես չեմ թերացել իմ պարտականությունների մեջ»,- մեզ հետ զրույցում ասել էր Ալիկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ անգամ քողարկված ակնարկները, թե ինքը որևէ մեկին ստիպել է սպանությունն իր վրա վերցնել, անհեթեթություն է:
Պետրոս Մհերյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ին է տրամադրել իր ձեռքի տակ առկա հայտնի տեսաերիզը, որից պարզ է դառնում, որ Ալիկ Սարգսյանը բնավ էլ անմասն չէ փոխոստիկանապետի սպանության գործի բացահայտման «սցենարին»: Տեսաերիզում խոսում են Գևորգ Իգիթյանը և նրա եղբայրը` Խորեն Իգիթյանը, ով նախկինում ոստիկան է եղել: (Ալիկ Սարգսյանի մասին խոսք է գնում 5-րդ րոպեից սկսած): Գրիգորը եղբորը հարցնում է՝
– Էրեկ հանդիպե՞լ ես ոստիկանապետի հետ:
Խորեն – Հանդիպել եմ, Գրիգոր ջան, ամենամեծ գառանտիաները տվել ա, ամեն գարանտիա տվել ա:
Գրիգոր – Հավատում ե՞ս:
Խորեն – Հա, հա:
Գրիգոր – Լավ ա:
Խորեն – Հավատում եմ: Ու ընդեղ ու էն շատ բարձր մակարդակով ա էս ամեն ինչը արվում:
Գրիգոր – Բա ե՞ս: Հանգամանքները ով պիտի ինձ բացատրի, որ ես իմանամ ոնց ա եղել:
Խորեն – Ստեղ հիմնականում բանին ա, զենքինն ա, պտի ասես ճանապարհին շպրտել եմ, չեմ հիշում որտեղ:
Գրիգոր – Ես եմ եղե՞լ:
Խ. – Հա:
Գ. – Տունը ո՞նց իմանամ` որտեղ ա, ինչ ա: Ես գաղափար չունեմ:
Խ. – Ես էլ չունեմ:
Գ. – Բա ինչ ենք անելու, ինչ գարանտիա:
Խ. – Գարանտիայի մասին ես ամեն ինչ, ինչ որ ասում եմ, ճիշտ եմ ասում:
Գ. – Ինձ ինչքան են տալու:
Խ. – Գրիգոր ջան, քեզ տալու են շատ չնչին…
Գ. – Ինչքա՞ն:
Խ. – Յոթ տարի, ութ տարի:
Գ. – Հետո՞:
Խ. – Հետո ամեն ինչ կկարգավորեմ…
Խ. – Գրիգոր, եթե ամեն ինչը լինի ոնց որ պետքն ա, ես գնալու մեր գլխավորի մոտ:
Գ. – Ո՞ւմ:
Խ.- Գլխավորի:
Գ. – Էտ սաղ հասկանում եմ, առաջվա բանից ինչ…Բա լավ, ոնց պտի էս բացատրեմ ես` ե՞ս եմ, թե՞….
Խ. – Զենքը ճանապարհին շպրտել ես, ուրիշն ա տեսել:
Գ. – Էտ երբ եմ գնացե հասցրե էտ բանն անեմ, ինչո՞վ:
Խ. – Չգիտեմ:
Գ. – Բա ով պետք ա ինձ ասի:
Խ. – Դու կարաս ասես՝ ես խելագարված եմ էղե…ոչ մի բան չեմ հիշում: Ես եմ արել, ու վերջ:
Գ. – Տան տեղը ես որտեղի՞ց եմ գտել:
Խ. – Չգիտեմ: Ես նույնիսկ չեմ հիշում փողոցը, տեղը, չկա, թե որ չենք տեսել, որտեղի՞ց իմանանք: Հենց տենց էլ ասի…:
Գ. – Սուսանին կանչե՞լ են, քննե՞լ են, չի ասի՞, որ տունն եմ էղե:
Խ. – Գրիգոր, էտի ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք մտնում ենք պրեսի տակ ու չորս…
Ապա խոսակցությանը միանում է չորրորդ անձ, որը, Պետրոս Մհերյանի խոսքով, ՀՔԾ հատուկ կարևորագույն գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանն է, որը խոսակցությանը միանում է հետևյալ կերպ.
– Հլը դուք ասեք տեսնեմ` ինչ եք ասում:… Մի բան լավ իմացեք, որ մեզ պետք չի ինչ-որ բան սարքենք, կպցնենք:
Գ. – Պարոն գեներալ, պարոն գեներալ, ես հասկանում եմ:
Հ. Ս. – Ես ուզում եմ ձեր, ասենք, վերջին հաշվով էտի ձեր ախպերների գործն ա, էտի ես արդեն սկզբից էլ ասեցի: Բայց որտ ա գնալու, էտի արդեն դուք պտի որոշեք: Մեզ ձեռնտու չի, որ էրկուստ էլ գնաք: Ասել եմ, հազար անգամ բացատրել եմ:
Գ. – Չէ, ես էն ժամանակ որ մենք միասին էինք պարոն Բաբակեխյանի հետ, ինքը մի հատ փաստաթուղթ…ցույց տվեց:
Հ. Ս. – Էն զենք-զինամթերքի պահով: Դե էդ հեչ, Դա ինչ ա: Զենքը հայտնաբերել ենք, հիմա: Դե կամովին ներկայացրել են, գործն էլ արձանագրվել ա: Դրանք մանրուքներ ա, հիմնական գործը մերը փոխոստիկանապետի սպանության բացահայտումն ա: Մնացածը երկրորդական բաներ են, տասներորդական բաներ են:
Այս ձայնագրությունից ակնհայտ են դառնում Պետրոս Մհերյանի նախկին պնդումները, որ փորձ է արվել գործ սարքել, այդ գործում ներգրավված է եղել ոչ միայն Ալիկ Սարգսյանը, այլև նրա հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Կարեն Բաբակեխյանը և մի շարք այլ բարձրաստիճան ոստիկաններ՝ ներառյալ գործով քննիչ Հեկտոր Սարդարյանը:
Պ. Մհերյանն այս տեսաերիզը նամակով մեկ անգամ արդեն իսկ ուղարկել է Սերժ Սարգսյանին, բայց ոչ մի արձագանք չի ստացել: Նա հույս ունի, որ գոնե այս անգամ Սերժ Սարգսյանը կարձագանքի և ընթացք կտա գործի բացահայտմանը: «Ես իրավահաջորդ եմ, ես շահագրգիռ անձ եմ, հետևաբար հենց այնպես խոսելը իմ շահերից չի բխում: Եթե ես ինֆորմացիա եմ հրապարակում, ապա համոզված եմ դրանում և իմ բերած ինֆորմացիան չի կարող սուտ լինել: Այն, ինչ ես հրապարակում եմ` ճշմարտություն է, բայց չգիտես ինչու անտեսվում է: Հուսով եմ, որ գոնե այս անգամ նախագահը կլսի ինձ և կարձագանքի»,- ասաց Մհերյանը:
Վերջինիս ձեռքի տակ առկա են այլ հետաքրքրքշարժ ապացույցներ եւ գործին լիարժեք ընթացք չտալու պարագայում պատրաստ է ցանկացած պահի հրապարակել նաեւ այդ ապացույցները:











































