Ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա կատարման արդյունքում էապես գերակատարվել է եկամուտների պլանը: Դա հիմնականում պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրման աշխատանքներն առաջանցիկ տեմպով կատարելու հանգամանքով: Այժմ այդ համակարգի ներդրման, ինչպես նաև առանձին այլ ծախսերի գծով տարեկան պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար առաջացել է տարեսկզբին նախատեսված եկամուտներն ու ծախսերն ավելացնելու անհրաժեշտություն: Հարցը կներկայացվի կառավարության այսօրվա նիստում:
ՃՈ 2012թ.-ի արտաբյուջետային եկամուտների տարեկան հաստատված պլանը կազմում է 6012.4 մլն դրամ, որից ծառայությունների մատուցման գծով մուտքերը` 2150 մլն դրամ, տուգանքների գծով` 3862.4 մլն դրամ, այդ թվում երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ սարքերով (արագաչափեր, տեսախցիկներ) արձանագրվող խախտումների գծով` 1060.5 մլն դրամ:
2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի մուտքագրվել է 6069.8 մլն դրամ, որը տարեկան պլանի 101 %-ն է: Ընդ որում, արդեն իսկ 8.8 %-ով գերակատարվել է ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների տարեկան պլանը, քանի որ ընթացիկ տարվա 9 ամսում փաստացի մուտքագրվել է 2338.5 մլն դրամ:
Բարձր կատարողական է արձանագրվել նաև տուգանքների գծով մուտքերից. այն կազմել է 3731.3 մլն դրամ` տարեկան պլանի 96.6 %-ը: Տվյալ դեպքում հատկանշական է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ սարքերով (արագաչափեր, տեսախցիկներ) արձանագրվող խախտումների գծով տուգանքների մուտքերը` 2087.3 մլն դրամ, որը շուրջ կրկնակի` 196.8 %-ով գերազանցել է տարեսկզբին սահմանված պլանային ցուցանիշը:
Ճշտված ծրագրով նախատեսվում է շահագործվող արագաչափերի թիվը հասցնել 71-ի կամ սկզբնական ծրագրից 6-ով ավելիի:







































