Իսպանիան ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը ՝ հղում անելով թագավորության Արտաքին գործերի և համագործակցության հարցերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոյին: Նա նաև կարծիք է հայտնել, որ նոր կոալիցիան «բավարար ներկայացուցչական» է և արտացոլում է սիրիացի ժողովրդի շահերը:
«Բաշար Ասադը պետք է թողնի իշխանությունը և էստաֆետան հանձնի շիա-ալաուիների ներկայացուցիչներից մեկին, որն էլ պետք է բանակցություններ սկսի ընդդիմության հետ»,-նշել է նախարարը՝ ելույթ ունենալով «Ռասոն» թերթի կազմակերպած ֆորումում: Թագավորության արտգործնախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ողջ ազդեցությունը՝ համոզելու Սիրիայի արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադին «զիջել իշխանությունը»:








































