Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գառնիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Ըստ մեղադրանքի՝ 56-ամյա Գառնիկ Խաչատրյանը 2011 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 22-ն անց 30 րոպեին որդու՝ Էդգարի հետ վիճաբանության ժամանակ սպանության դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին, պատճառել սրտի վնասումով արյունահոսող վերք: Ժամը 23-ն անց 5 րոպեին տուժողը հասցվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Րոպեներ անց՝ ժամը 00.20-ին ստացած վնասվածքից երիտասարդը մահացել է:
Գառնիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Հոր կողմից որդու սպանությունը ներընտանեկան տևական դրամայի հանգուցալուծումն է եղել: 29-ամյա Էդգարը վարել է անբարո կյանք, խաղամոլ է եղել, կատարել է գողություններ, խմել է, ծխել: Նրա ծնողներն ամուսնալուծված են եղել: Սակայն Էդգարին «դարձի բերելու, փրկելու» հարցում, ըստ գործով տրված ցուցմունքների, գործել են համատեղ, ջանքեր են գործադրել, միայն թե դրական արդյունքի չեն հասել: Էդգարը բուժում էլ է ստացել մասնագիտական բուժհաստատությունում, բայց, միևնույնն է, շարունակել է նույն կենսակերպով ապրել: Ծնողներն անընդհատ մարել են նրա պարտքերը խաղատներում, հյուրանոցներում, վճարել են տուգանքները՝ երթևեկության կանոնների խախտումների համար, հարթել են այլ անօրեն արարքների հետևանքները: Բանն այնտեղ է հասել, որ մայրն ու քույրերը հաճախակի փոխել են վարձակալած բնակարանները՝ Էդգարից ինչ-որ կերպ թաքնվելու համար: Բայց վերջինս միշտ էլ գտել է նրանց ու շարունակել է, մեղմ ասած, անհանգստացնել:
Ըստ հարազատների ցուցմունքների՝ Էդգարը քնած ժամանակ կտրում էր իրենց պարանոցի ոսկե շղթաները, տնից տանում այն ամենը, ինչ կարող էր վաճառել: «Եթե իմանար, որ իր գուլպաներն անգամ կարող է հարյուր դրամով վաճառել, կվաճառեր»:
Էդգարը փորձել էր ընտանիք կազմել, սակայն կինն ընդամենը երկու ամիս էր դիմացել նրա կողքին: Ներընտանեկան լարվածությունը տարիներով կուտակվել էր, ու դեպքի օրը հոր և որդու վիճաբանության ժամանակ աննշան առիթն էլ բավական էր եղել, որ հայրը կորցներ ինքնատիրապետումը…
Գառնիկ Խաչատրյանը մեծ ցավով է վերաբերվում կատարվածին, նա չի ժխտում՝ կատարել է այնպիսի հակաբնական արարք, որի համար ցմահ դատապարտելու է ինքն իրեն: Որդու սրտին հասցրած հարվածով նա ինքն իր սրտին էլ է հարված հասցրել, ու վերքը պիտի արյունահոսի, քանի դեռ հայրը շնչում է: Սակայն Խաչատրյանը պնդում է, թե որդուն սպանելու դիտավորություն չի ունեցել, սպանության կատարման պահին ուղղակի չի գիտակցել, թե ինչ է անում: «Ինձ դատապարտեք ամենախիստ պատժին, սակայն մի մեղադրեք որդուս դիտավորյալ սպանելու համար. ես նրան սպանելու դիտավորություն և ցանկություն չեմ ունեցել, ինչքան էլ որ տանջվել եմ նրա վարքագծի պատճառով»,- սա է ամբաստանյալ Գառնիկ Խաչատրյանի դիրքորոշումը:
Այս գործով երեք անգամ դատահոգեբանական փորձաքննություն է կատարվել: Առաջին՝ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննությունն անցկացվել է նախաքննության ընթացքում: Գառնիկ Խաչատրյանը ճանաչվել է մեղսունակ, իսկ հոգեբանի եզրակացությամբ՝ դեպքի պահին նա եղել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում:
Քննիչի որոշմամբ նշանակվել ու անցկացվել է ևս մեկ դատահոգեբանական փորձաքննություն՝ այլ փորձագետների կողմից: Այս անգամ եզրակացություն է տրվել, թե Խաչատրյանը ֆիզիոլոգիական աֆեկտի չի հասել, նա եղել է հուզական գրգռված վիճակում:
Երրորդ անգամ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ՝ Խաչատրյանի շահերի պաշտպան Անի Թորոսյանի միջնորդությամբ ու նախագահող դատավոր Սուրիկ Կոստանյանի որոշմամբ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին:
Այս փորձաքննությունն էլ կատարել է մասնագետների երրորդ խումբը: Եվ կրկին տրվել է առաջին փորձաքննության եզրակացությանը համահունչ եզրակացություն, այն է՝ դեպքի պահին Գառնիկ Խաչատրյանը եղել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում: Եռակի փորձաքննությունների՝ միմյանցից տարբեր եզրակացությունները գնահատելով՝ դատարանն է իրավասու իրավական գնահատական տալու, թե ինչ հոգեվիճակում է Գառնիկ Խաչատրյանը սպանել որդուն:
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց փորձագետ Ն. Ստեփանյանը: Մեղադրանքը պաշտպանող դատախազները հարցեր ուղղեցին փորձագետին՝ մասնագիտական «սխալներ» վեր հանելու ջանադրությամբ: Նույնիսկ ասացին, թե հոգեբանության վերաբերյալ մասնագիտական գրականություն են հատուկ ուսումնասիրել՝ հարցերին նախապատրաստվելու համար:
Փորձագետը պաշտպանեց իրենց կողմից տրված եզրակացությունը և պարզաբանեց, որ կոմուլյատիվ աֆեկտի վիճակում գտնվելը նշանակում է, որ մարդու մոտ բացասական հույզերի կուտակում է եղել տևական ժամանակաընթացքում: Ապա, ըստ գիտականորեն սահմանված մեխանիզմի, եղել է պոռթկում, իսկ դրանից անմիջապես հետո վրա է հասել ուժասպառությունը: Փորձագետները համոզվել են, որ հենց այդ մեխանիզմն է «գործել» Գառնիկ Խաչատրյանի հանցավոր գործողության ժամանակ. եղել է բացասական հույզերի տևական կուտակում որդու հակաօրինական, հակաբարոյական վարքագծի պատճառով, ապա չնչին առիթով պոռթկում է տեղի ունեցել՝ դանակով շեշտակի հարված որդու սրտին, իսկ հետո վրա է հասել ուժասպառությունը: Դանակով հարվածելուց հետո թուլացել է Խաչատրյանի մկանային տոնուսը, նա դժվարությամբ է շարժել թևերը, նրա կողմից եղել է ակամա միզարձակում, զգացել է ընդհանուր թուլություն:
Այնուամենայնիվ, Գառնիկ Խաչատրյանը վիրավոր որդուն, որը բարձրահասակ, պնդակազմ երիտասարդ էր, «քրքաշ» երրորդ հարկից իջեցրել է առաջին հարկ, օգնություն է կանչել, միջոցներ ձեռնակել որդուն փրկելու համար, տեղափոխել հիվանդանոց: Բայց բժշկական միջամտության պայմաններում էլ Էդգարին հնարավոր չի եղել փրկել:
Դեպքից առաջ Խաչատրյանը գարեջուր է խմել, փորձաքննությամբ նրա արյան մեջ հայտնաբերվել է աննշան քանակությամբ ալկոհոլ, որը չի համապատասխանում անգամ թեթև խմածության վիճակին, դրա համար էլ փորձագետներն իրենց եզրակացության մեջ արձանագրել են, որ նա եղել է սթափ վիճակում: Ըստ փորձագետի՝ աննշան չափաբաժնով ալկոհոլը հանցանքի կատարման պահին էական ազդեցություն չէր կարող ունենալ Խաչատրյանի հոգեվիճակի վրա:
Փորձագետի հարցաքննությամբ այս գործով դատաքննությունն ավարտվեց: Մեղադրողը ճառին պատրաստվելու համար տասն աշխատանքային օր խնդրեց: Նախագահողը երեք օր տվեց՝ դա համարելով առավել ողջամիտ ժամանակ՝ ճառի պատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 30-ին:










































