Ամերիկյան Apple կորպորացիան հեռացրել է մենեջերին, որը պատասխանատու էր քարտեզագրական հավելվածի մշակման համար: Պատճառը iPhone 5 սմարթֆոնների հավելվածում օգտատերերի կողմից հայտնաբերված մեծաթիվ անճշտություններն են: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նավիգացիոն հավելվածը մշակող թիմի ղեկավար Ռիչարդ Ուիլյամսը հեռացվել է ընկերության ավագ փոխնախագահ Էդդի Քյուի կողմից: Ղեկավար օղակում վերադասավորումների մասին Apple-ը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի արել:
iOS6 օպերացիոն համակարգի նոր տարբերակում, որի թողարկումը տեղի է ունեցել iPhone5-ի վաճառքի մեկնարկին զուգահեռ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին, Apple ընկերությունը ավանդական Google Maps-ը փոխարինել էր սեփական արտադրանքով:
Այն ստեղծվել էր հոլանդական TomTom ֆիրմայի նավիգացիոն սարքավորումներում կիրառվող քարտեզների բազայի հիման վրա: Անճշտություններից բացի, նոր հավելվածում բացակայում են նաև շատերին հետաքրքրող ծառայություններ, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի շարժի մասին տեղեկությունը:
Google Maps-ից հրաժարվելը փորձագետների կողմից դիտարկվում է որպես երկու ընկերությունների միջև մրցակցության սրում:









































