Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստան. աղքատության սուբյեկտիվ գնահատականը» հետազոտությունը, որում ներկայացվում է, թե ՀՀ-ում աղքատության մակարդակը 2011 թ. նվազել է՝ 2008 թ. համեմատ: Այսպես, հրապարակման մեջ նշվում է, թե ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի՝ 2011 թ. աղքատ` ներառյալ ծայրահեղ աղքատ է իրեն համարել բնակչության 15.4 %-ը (2008 թ. 17.0 %-ի համեմատ): Ըստ հարցվածների ինքնագնահատման` 2011 թ. միջին կենսամակարդակ ունեցել է հարցվածների 43.2 %-ը` 2008 թ. 43.0 %-ի համեմատ։ 38.2 %-ի կարծիքով՝ իրենց կենսամակարդակը միջինից ցածր է` 2008 թ. 35.6 %-ի դիմաց։ Իրենց հարուստ է համարել հարցված բնակչության 0.1 %-ը, իսկ 2008 թ. իրեն այդպես է գնահատել հարցվածների 0.2 %-ը, 3.1 %-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ՝ 2008 թ. 4.2 %-ի համեմատ:
«Աղքատությունը բազմաբնույթ է, և այն կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով,- նկատել են հրապարակման հեղինակները,- Հայաստանում մեկ չափահասին համարժեք սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականի (35.0 %) համեմատ, սուբյեկտիվ գնահատականներն (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետներն) ավելի ցածր են (15.4 %): Իրենց ծայրահեղ աղքատ են համարել միայն 2.1 %-ը` 3.7 % մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակի համեմատ: 2008 թ. համեմատ՝ 2011 թ. աղքատության մակարդակի վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականներն ավելի ցածր են (2011 թ. 15.4 %-ը՝ 2008 թ. 17.0 %-ի համեմատ):
2011 թ. սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը կազմել է 15 %: Բնակչության 33 %-ի գնահատմամբ՝ ոչ պարենային կարիքներից բավարարվածությունը համարվում է կարևոր հիմնախնդիր: Գրեթե ամեն չորրորդի (22 %) համար 2011 թ. ամենակարևորը բնակարանային հիմնահարցն է: Տնային տնտեսությունների 6 %-ի համար ամենաառաջնային խնդիրը առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելն է: Հարցվողների 2 %-ը նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 22 %-ը նշել է այլ առաջնային խնդիրներ:








































