Apple ընկերությունն օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում դարձել է առաջատար ԱՄՆ-ի սմարթֆոնների շուկայում` 48.1% չափաբաժնով, ինչին նպաստել է iPhone 5-ի նոր մոդելի հայտնիությունը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` վկայակոչելով Kantar WorldPanel վերլուծաբանական ընկերությանը:
Android-համակարգերը վերահսկել են սմարթֆոնների ամերիկյան շուկայի 46.7%-ը, այն դեպքում երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 63.3%:
iPhone 5 սմարթֆոնի վաճառքներն ԱՄՆ-ում և «առաջին ալիքի» այլ երկրներում սկսվել էին սեպտեմբերի 21-ին: Առաջին երեք օրերի ընթացքում Apple ընկերությունն իրացրել է ավելի քան 5 միլիոն սարքավորում, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախորդ մոդելների համեմատությամբ:
Եվրոպայում շարունակում է առաջատար մնալ Android համակարգը: Գերմանիայում և Իսպանիայում Google բջջային պլատֆորմի չափաբաժինը համապատասխանաբար կազմում է 73.9% և 81.7%:









































