Բրիտանացի գիտնականները մարդու մարմնի ճշգրիտ չափերը վերցնելու սարք են ստեղծել, որը, ինչպես նրանք հույս ունեն, լավ օգնական կդառնա համացանցի միջոցով հագուստ ընտրելիս և գնելիս, իսկ դա նշանակում է, որ կմեծացնի այդ ոլորտի վաճառքի ծավալները, հաղորդում է mignews.com-ը:
Գիտնականները նշում են, որ գնորդները խուսափում են համացանցի միջոցով հագուստ պատվիրել` վախենալով չափսի հարցում սխալվելուց:
ԱՄՆ-ում, օրինակ, ComScore խորհրդատվական ընկերության տվյալներով, մինչև հունիս մեկ տարում հագուստ և աքսեսուարներ գնելու վրա ծախսվել է համացանցով բոլոր տեսակի գնումների վրա ծախսած գումարի 14 տոկոսը:
Խնդիրը լուծելու համար Լոնդոնի նորաձևության քոլեջը, Սուրրեյի համալսարանի տեսապատկերների ոլորտի հետազոտողներն ու Bodymetrics ընկերությունը հատուկ տեսածրող սարք (սքաներ) են ստեղծել մարդու մարմնի չափերը վերցնելու համար:
Նոր համակարգի շնորհիվ գնորդները կկարողանան ներմուծել իրենց հասակը որպես ուղենիշ, այնուհետ վեբ-տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ անել առանձին հասակով մեկ լուսանկար: 3D-պատկեր ստանալու համար սարքն օգտագործում է մարդու չափերը:
Չափսերի մասին ստացված տեղեկությունները համադրելով` սարքը կլուծի նաև չափսերի տարբերությունների խնդիրը, այսինքն` երբ նույն մարդուն մի խանութում պետք է M (medium) չափսը, մյուսում` L (large)-ը:









































