Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել 2012 թվականի օգոստոսի վերջին ռուս-վրացական սահմանի մոտ՝ Լոպոտի կիրճում (Կախեթի, Արևելյան Վրաստան), անցկացված հատուկ օպերացիան, որը միտված է եղել ապօրինի զինված խմբավորումների վերացմանը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է տվյալ օպերացիայի պատճառով ձերբակալված, Ռուսաստանի քաղաքացի Ահմեդ Չատաևի փաստաբան Նինո Անդրիաշվիլին: Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը վերստին հետաքննում է տվյալ օպերացիայի մանրամասները, և իր պաշտպանյալն արդեն իսկ հարցաքննվել է տվյալ գործով՝ որպես վկա:
Դաղստանի սահմանի մոտ օգոստոսի վերջին անցկացված այդ հատուկ գործողության ժամանակ զոհվել էին Վրաստանի ՆԳՆ-ի երկու հատուկջոկատային և պաշտպանության նախարարության 1 ռազմական բժիշկ, ինչպես նաև՝ 11 զինյալ: Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել էր, որ այդ 11 զինյալներից 2-ը եղել են Վրաստանի, իսկ 5-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ:









































