Սիրիայի արևելյան Դեյր էլ-Զոր նահանգում, որը հարուստ է նավթով և գազով, ահաբեկչությունների հետևանքով մի քանի էլեկտրակայան շարքից դուրս է եկել:
Ընդհանուր թվով 1500 մեգավատտ արտադրանք տվող էլեկտրակայանները գազամուղներում «Ալ-Քաիդայի» իրականացրած պայթյունների պատճառով մնացել են առանց վառելիքի,- հայտնել է երկրի էլեկտրաէներգետիկայի նախարար Իմադ Համիսը:
Ներկայումս մասնագետները վերականգնողական աշխատանքներ են տանում: Մի շարք նահանգներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:
Rosbalt-ի փոխանցմամբ` սիրիացի ընդդիմադիրները նոյեմբերի 26-ին հայտարարել են, որ գրավել են Եփրատ գետի վրա գտնվող «Տիշրին» հէկը:
Մարտի ժամանակ կողմերի կորուստների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք. Սիրիայում կառավարության և ընդդիմադիրների միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` ներկայումս երկրում բռնության զոհ է դարձել ավելի քան 30,000 մարդ։








































