Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը բնակչության աճի տեմպերի նվազման խնդրին կարող է բախվել մինչև 2041 թվականը: Այս մասին հայտարարել է Իրանի Վիճակագրական ինստիտուտի ղեկավար Ալիռզա Զահեդիանը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանի երիտասարդ բնակչությունը գերիշխում է, սակայն շուտով այն կթևակոխի 30-ի սահմանագիծը. «Իրանում ծնելիության աճի գագաթնակետը գրանցվել է 1981-1986 թվականներին, երբ տարեկան բնակչության աճը կազմել է 2.2-2.3 միլիոն մարդ:
Ներկայումս բնակչության տարեկան աճը կազմում է մոտ 1.3 միլիոն մարդ, իսկ տարեկան մահացությունը կազմում է մոտ 400,000 մարդ: Մինչև 2041 թվականն Իրանում տարեց մարդկանց թիվը 70 միլիոն բնակչությամբ երկրում կարող է հասնել 18-20 միլիոն մարդու: 2011 թվականի վիճակագրական տվյալներով՝ Իրանում մեկ ընտանիքին միջին հաշվարկով բաժին է ընկել մեկ երեխա:
Դա նշանակում է, որ հետագայում կլինեն որոշակի սոցիալական հետևանքներ: Բացի այդ, եթե պահպանվի այդ բացասական տենդենցը, ապա հետագայում երկիրը կարող է բախվել աշխատանքային ռեսուրսների խնդրի հետ»:
Նախորդ տարի Իրանի կառավարությունը սկսել է իրականացնել բնակչության աճի վերահսկման ծրագիրը՝ նախատեսված հետագա 20 տարիների համար:









































