Ցորենը մաքսազերծվում է ինվոյսներով և մաքսազերծման արժեքն ավելացել է համաշխարհային շուկայում ցորենի թանկացման արդյունքում: Ցորենի շուկայի 34.4%-ը զբաղեցնող «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն 3 տարի է համաշխարհային շուկայում գները հանդարտ տատանման մեջ են, և ներկա պահին շարժը դեպի վեր է:
«Շարունակվում է ցորենի թանկացումը, որովհետև բերքի ստացումից հետո տարին կիսվել է, և պահեստավորման ծախսերն ազդում են գնի վրա: Բայց ուրիշ տեղերի համեմատ, բավականին կայուն է մեզ մոտ»,- հավաստիացրեց Գ. Նիկողոսյանը՝ նշելով, որ դա ներկրողների մարժայի հաշվին է, քանի որ հացն ու ալյուրը շատ հագեցած ոլորտներ են, կա մրցակցություն, որը թույլ չի տալիս, որ գները շատ տատանվեն:
Գ. Նիկողոսյանը հայտնեց, որ մոտ ապագայում ՀՀ-ում ցորենի գնի բարձրացում չի սպասվում:








































