ԲՀԿ շարքերի պատգամավոր Լյովա Խաչատրյանը` ապարանցի Լյովան, որ մի ժամանակ Աղվան Հովսեփյանի հետ մտերմության շնորհիվ էր պատգամավոր դառնում, իսկ հիմա արդեն` Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, երեկ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին նկատի չունի, երբ ասում է, որ Քոչարյանի հետևում կրիմինալ և օլիգարխներ չկային, ինչպես այսօր: Լյովա Խաչատրյանը հայտարարել է, որ այսօրվա իշխանությունը միայն Սերժ Սարգսյանը չէ, այլ կառավարությունը և այլն, և այլն:
Ապարանցի Լյովայի հայտարարություններին անդրադառնալ, իհարկե, չարժեր, եթե դրանք չտեղավորվեին ու չներդաշնակվեին այսօրվա քաղաքական իրողություններին այնպես, ինչպես հայելային արտացոլումը: Չանդրադառնանք այն խնդրին, թե ովքեր կային Ռոբերտ Քոչարյանի հետևում, թե ում շնորհիվ էր նա բռնի ուժով կեղծում ընտրությունները, մոնոպոլիաներ և օլիգոպոլիաներ ձևավորում, բիզնեսներ վերցնում և տալիս ուրիշներին: Այս ամենից շատ քիչ ժամանակ է անցել, և եթե որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ մոռացության են մատնել Քոչարյանի կառավարման տարիներին իշխող որակներն ու ավանդույթները, ապա հասարակությունը դրանք հիշում է բավական լավ:
Այստեղ հատկանշականը ԲՀԿ-ի պաթոլոգիկ վախն է Սերժ Սարգսյանի անունից: «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն ու շարքերը Սերժ Սարգսյանի անունը տալուց վախենում են այնպես, կարծես դրանից հետո երկինքը փուլ է գալու իրենց գլխին: Ինչո՞ւ են ԲՀԿ-ականները վախենում Սերժ Սարգսյանին ուղղակիորեն հռչակել որպես ներկայումս իշխանության արատների պատասխանատու: Չէ՞ որ նա նախագահն է, նա է ձևավորում կառավարություն. եթե վարչապետը վատ է աշխատում, այդ Սերժ Սարգսյանն է, որ նրան չի փոխում, որ չի փոխում նախարարներին և այլն: Ուրեմն ի՞նչ կա այստեղ անտրամաբանական կամ զարմանալի, եթե պատասխանատվությունը դրվում է Սարգսյանի վրա` որպես նախագահի:
«Բարգավաճ Հայաստան»-ի մոտ երևի թե Դաշնակցության սինդրոմն է: Դաշնակցությունն էլ պաթոլոգիկ վախ ուներ Սերժ Սարգսյանի անունը տալու հարցում: Ընդ որում, խոսքը տվյալ դեպքում հրաժարական պահանջելու մասին չէ, այլ գոնե ընդամենը ասելու, որ այո` մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին կամ քննադատում նրան այսինչ բանի համար:
Եվ այս ամենից հետո հայտարարվում է, որ դուրս են եկել արատավոր համակարգի դեմ պայքարի և պատրաստ են անգամ ունեցվածք կորցնել: Մնում է ընդամենը ծիծաղել այդ հայտարարությունների վրա: Սա պայքար է հողմաղացների, ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները չեն վախենում տալ նրա անունն ու քննադատել անձամբ նրան: Անունը, իհարկե, ինքնանպատակ չէ, սակայն երբ գերնպատակ է դառնում ամեն գնով այդ անունից խուսափելը, ապա այստեղ արդեն բոլորովին այլ իրողություն է: Սա արդեն ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ վախ` պարզ, մարդկային վախ, որը քաղաքականության հետ կապ ունի այնքանով, որ ամենևին լավ խորհրդատու չէ:
Վախի վրա կառուցված քաղաքականությունը մղում է ծայրահեղությունների` կամ ծայրահեղ իներտության, կամ ծայրահեղ ագրեսիվության:








































