Մարոկկոյի թագավորական տունը պատմության ընթացքում առաջին անգամ համաձայնել է տեղեկատվություն տրամադրել իր միապետի եկամուտների մասին՝ հաղորդում է իսպանական Pais թերթը:
Այսպես. պաշտոնական տվյալներով` թագավորը տարեկան աշխատում է 541 հազար եվրո, ինչը զգալիորեն ավելի է մի շարք այլ երկրների միապետների վաստակածից: Համեմատության համար ասվում է, որ Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս 1-ինը տարեկան ստանում է 232 հազար եվրո:
Թագավորական արքունիքի բյուջեն հասնում է 232 միլիոն եվրոյի` այն դեպքում, երբ նմանատիպ կարիքների համար Իսպանիայի իշխանությունները տրամադրում են միայն 28 մլն եվրո:
Իսպանական թերթը ընդգծում է, որ մասամբ նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Մարոկկոյի արքունիքը, ի տարբերություն Իսպանիայի, ինքնուրույն է վճարում անվտանգության ծառայությանը և սպասարկող անձնակազմի մեծամասնությանը:
Սակայն հարկ է նշել, որ Մարոկկոյի արքունիքի բյուջեն 3.7 անգամ գերազանցում է սոցիալական զարգացման նախարարության և 4.5 անգամ` մշակույթի նախարարության բյուջեն:







































