Շվեդ «սերիական հրձիգ» Պետեր Մանգսը, որը 2010թ. նոյեմբերին կալանավորվել էր ներգաղթյալների սպանության մեղադրանքով, այսօր դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Բացի այդ՝ նա զոհերի հարազատներին պետք է վճարի 175 հազար դոլարի չափով տուգանք: Այս մասին այսօր հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Մալմյո քաղաքի շրջանային դատարանին:
«Պետեր Մանգսի կատարած հանցագործությունը առանձնանում է չափազանց դաժանությամբ ու մարդկանց հանդեպ կարեկցանքի լիակատար բացակայությամբ»,- ասվում է առաջին ատյանի դատարանի մամլո հաղորդագրության մեջ:
Հուլիսին Մալմյոյի շրջանային դատարանը Մանգսին մեղավոր էր ճանաչել երկու սպանությունների ու հինգ հարձակումների, ինչպես նաև բռնության երեք դեպքերի համար:
Հանցագործը ուղարկվել է դատահոգեբանական փորձաքննության, որը նրան մեղսունակ է ճանաչել:
Ի դեպ, Շվեդիայում ամենաերկար պատժաչափը 18 տարի է:








































