Իսրայելի իշխանությունները ուրբաթ Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման հետ կապ ունեցող պաղեստինցի 5 խորհրդարանականների: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պաղեստինի՝ Բանտարկյալների գործերով նախարարության ներկայացուցիչ Իյադ Աբդոյին:
Ձերբակալություններն Արևմտյան ափին շարունակվում են երկրորդ գիշերն անընդմեջ: Դատելով իսրայելական բանակի և հատուկ ծառայությունների պարզաբանումներից՝ դրանք դարձել են օրերս Թել Ավիվում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի և Գազայի հատվածում անցկացվող օպերացիայի դեմ պաղեստինցիների զանգվածային բողոքի ակցիաների պատասխան: Օպերացիան չորեքշաբթի երեկոյան ավարտվել է հրադադարով:
«Մեր տվյալներով՝ հինգշաբթի գիշերը ձերբակալված պատգամավորների շարքում են Պաղեստինի խորհրդարանի քարտուղար Մահմուդ Ալ-Ռամահին և Հևրոն քաղաքում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկը՝ Բասեմ Ալ-Զաարիրը»,- ասել է պաղեստինցի պաշտոնյան:
Իսրայելցի զինվորականները հաստատում են, որ գիշերային «ռեյդերն» ու ձերբակալությունները շարունակվում են, սակայն մանրամասներ չեն հաղորդել:
Ամենազանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը: Այդ ժամանակ ձերբակալվել էր, ինչպես բանակի մամլո ծառայությունն է հաղորդում` «տարբեր ահաբեկչական խմբերի» հետ կապ ունեցող 55 մարդ:







































