Դեղարտադրողների ու ներմուծողների միությունը 1 տարուց ավելի մոնիտորինգ է իրականացնում դեղերի շուկայում և հանգել է այն եզրակացության, որ կեղծ դեղերի առումով վիճակը մխիթարող է:
ԴԱՆ միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր ասուլիսի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ զարգացումներ կան շուկայում կեղծ դեղերի բացահայտման առումով, պատասխանեց, թե դեղերի շուկան կեղծ արտադրանքով, ինչքան իրենք էինք վախենում, այդքան լի չէ, բայց արդյունքն այն է, որ կառավարության թույլ տված զուգահեռ ներմուծումները ավելի քիչ եղան: Որոշումն ընդունվելուց հետո ներմուծվել են արդեն գրանցված դեղերից 55-ը, որից միայն 6-ն են ավելի էժան եղել, քան մինչ այդ ներմուծվածները, իսկ ՀՀ-ում գրանցված 4 հազարից ավելի անուն դեղերի համեմատ` 55-ը շատ չէ:
Նա նշեց, որ վերջին բացահայտումները ադրբեջանական ներդիրով և «Նիկոմեդի» չգրանցված դեղերն էին, բայց օրինակ` «Նիկոմեդի» դեղերը կեղծ չեն եղել, այլ ուղղակի գրանցված չէին:
Ս. Զաքարյանի խոսքով՝ դեղի շուկայում հիմնական խնդիրը հնդկական դեղերն են, որոնց քիմիական բաղադրությունը նույնն է, բայց ազդեցությունը նվազ է, և բրենդային դեղերի համեմատ պետք է կրկնակի կամ եռակի շատ օգտագործել` նույն արդյունքը ստանալու համար: Վերջնական հաշվարկով ստացվում է, որ բրենդային դեղերն ավելի շահավետ են:
Ս. Զաքարյանի խոսքով` հաջորդ տարի պետության հետ պետք է աշխատեն, որ նման դեղերի ներմուծումը նվազեցնեն:










































