Նորվեգիայի Իլա բանտի տնօրինությունը որոշ զիջումների է գնացել այնտեղ 21 տարվա ազատազրկման պատիժը կրող նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի բողոքին ընդառաջ: Վերջինս բողոքը փոխանցել էր երկրի Ուղղիչ հաստատությունների վարչությանը:
Ինչպես հաղորդում է նորվեգական Verdens Gang թերթը, Բրեյվիկի փաստաբան Տորդ Յորդետը հայտնել է, որ, մասնավորապես վերացվել են օրինաչափ դարձած սահմանափակումները, որոնց նպատակն է կասեցնել բանտարկյալների շարքում ինքնասպանության հնարավոր փորձերը:
Այսպիսով՝ Բրեյվիկը հնարավորություն է ստացել խցում ունենալ հագուստի փոխնորդ, նրան տրամադրվել է նաև դա պահելու համար հատուկ արկղ: Բրեյվիկին տվել են «անվտանգ» գնդիկավոր գրիչ՝ ճկուն ռետինե կորպուսով: Նորվեգացին, սակայն, գանգատվում է՝ ասելով, որ այն ցավեցնում է ձեռքը մի քանի րոպե օգտագործելուց հետո:
Բրեյվիկին թուլատրվել է նաև աղբի համար օգտվել պոլիէթիլենային տոպրակներից: Նրա խցում հայտնվել է նաև գրադարակ: Շուտով նրան կտան նաև CD-նվագարկիչ:
Ավելի վաղ, նոյեմբերի 11-ին, Նորվեգիայի հեռագրային բյուրոն հաղորդել էր, որ Բեյվիկին վերադարձրել են նոթբուքի օգտագործման հնարավորությունը, սակայն բանտի ղեկավարության հսկողությամբ:
Բրեյվիկի բողոքների ցուցակը զբաղեցրել էր 27 էջ: Դրանում 77 մարդ սպանած ահաբեկիչը դժգոհում էր սառը սուրճից, նախաճաշին մատուցվող կարագի անորակությունից, խոնավեցնող քսուքի բացակայությունից, կոպիտ ձեռնաշղթաներից և վերաբերմունքի բացակայությունից:








































