Հոլանդիայի մայրաքաղաքի բնակիչները գանգատվում են անվերջանալի հեծանվային խցանումներից: Ամեն օր փողոց են դուրս գալիս 500 հազար հեծանվորդներ: Ի դեպ, Ամստերդամի բնակչությունը 800 հազար է: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Տրանսպորտի այդ տեսակից օգտվող քաղաքացիների թիվն աճում է տարեցտարի, և դա արդեն հասցրել է լուրջ խնդիրներ ստեղծել հեծանվային տեղաշարժի համար:
Ամստերդամի քաղխորհրդի ներկայացուցչի խոսքերով՝ ակտիվորեն օգտագործվող հեծանվային ուղիները չափազանց քիչ են, որպեսզի կարողանան սպասարկել հոսքը:
Լուրջ խնդիր է դարձել նաև երկանիվ տրանսպորտի կայանատեղիների հարցը: Ազատ տեղեր չլինելու պատճառով շատերն իրենց հեծանիվները կանգնեցնում են չվերահսկվող տարածքներում, ինչը հանգեցնում է գողությունների թվի ավելացմանը: Պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարի Նիդերլանդներում գրանցվել է հեծանվի գողության 90 հազար դեպք:










































