Եվրամիության անդամ 7 երկրներ պատրաստ են վետո դնել ԵՄ 7-ամյա միասնական բյուջեի վրա, եթե այն չհամապատասխանի իրենց պահանջներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ԵՄ անդամ 27 երկրներից 7-ն արդեն հայտարարել են, որ կօգտվեն վետոյի իրավունքից նախագիծն արգելափակելու համար, եթե դրանում հաշվի առնված չլինեն իրենց գլխավոր ցանկությունները:
Աղբյուրը նաև նշել է, որ նման կոշտ դիրքորոշումները պայմանավորված են այն հանգամանքով, որ ԵՄ-ը բաժանվել է երկու ճամբարի. մի խումբ հարուստ երկրներ, որոնք չեն ցանկանում մեծացնել իրենց ծախսերը միության ընդհանուր ծրագրի համար, և աղքատ երկրներ, որոնք փորձում են հավելյալ օգնություն ստանալ Բրյուսելից:
ԵՄ 7-ամյա միասնական բյուջեի վրա վետո դնել սպառնացող երկրների թվին են պատկանում Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Շվեդիան, Դանիան, Լատվիան, Ռումինիան և Իտալիան:
Նշենք, որ այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ արտահերթ բյուջետային գագաթնաժողով:









































