Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նոյեմբերի 21-ի արդյունքներով բարձրացել է 5.3 տոկոսով՝ հասնելով 24.32 դոլարի: Առևտրային օրն ավարտվել է հուլիսի 26-ից մինչ օրս գրանցված ամենաբարձր արժեքով: Այս մասին հաղորդում է Chicago Tribune-ը: Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցի արժեթղթերի արագ աճը շարունակվում է, չնայած վերջին շաբաթում շուկա է ներմուծվել 804 մլն բաժնետոմս:
Նոյեմբերի 13-ից, երբ հանվեցին ընկերության նախկին աշխատակիցների տրամադրության տակ գտնվող բաժնետոմսերի վաճառքի սահմանափակումները, աճը կազմել է 22 տոկոս: Աճը պայմանավորված է ցանցի դրական ֆինանսական ցուցանիշներով:
2012-ի երրորդ եռամսյակում Facebook-ը հայտարարել է եկամտի 32 տոկոսով աճի մասին (նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 1.26 մլրդ դոլար): Աճին հիմնականում նպաստել է բջջային գովազդը:
Վեց ամսվա ընթացքում Facebook-ը կվերացնի բաժնետոմսերի ևս երկու խմբաքանակի վաճառքի սահմանափակումը: Այսպիսով՝ շուկա կմտնեն ևս շուրջ 200 մլն բաժնետոմսեր:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի բաժնետոմսերը դեռևս չեն վաճառվի: Նա խոստացել է իր բաժնեմասի մի հատվածը շուկա դուրս բերել հաջորդ սեպտեմբերին: