4-5 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն այլ էր, իսկ այսօր՝ այլ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայիս վարկանիշին:
Նա նշեց, թե այսօր որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ չորս-հինգ տարի առաջ առաջին նախագահի վարկանիշը, կողմնակիցների քանակը մեկ բան էր, այսօր՝ մեկ այլ: «Եթե նախկինում ուներ հարյուր հազար ձայն, այսօր այդ ձայների հավանականությունը ավելի քիչ է, քանի որ այդ ձայները տեղափոխվել են այլ ընդդիմադիր դաշտեր»,- կարծիք հայտնեց բանախոսը՝ շարունակելով, որ լռելը ևս կարողություն է, ուստի, ամենայն հավանականությամբ, ինքն իր հաշվարկներն արել է և գիտի ժողովրդի տրամադրվածությունը:
Խոսելով գալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից՝ նա ասաց, որ ԲՀԿ ղեկավարն, առաջադրվելու դեպքում, իսկապես կստանա ձայներ, բայց ՀՀ ներկայիս նախագահը, հստակ է, հաղթանակ է տանելու:
«Մեր կարծիքով՝ մեր ժողովրդի բանականությունը, առողջ մտածելու կարողությունը հստակ է, և այդ իմաստով Սերժ Սարգսյանը ունենալու է ընդդիմախոսներ, բայց նրանց պայքարը լինելու է երկրորդ տեղի համար: Երկրորդ տեղը ԲՀԿ թեկնածուն է, եթե նույնիսկ միասնական թեկնածու լինի»,- մեկնաբանեց Մկրտիչ Մինասյանը:










































