1993թ. այս օրը դրամաշրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամային միավորը՝ «դրամ»-ը: Այն նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորն է:
Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է: ԱՊՀ-ի ամենակայուն արժույթներից է (2001-ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց): Հայկական դրամի խորհրդանշանն է նշանը։
Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995թ. սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը: 2001թ. նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Գարեգին Բ կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում:
Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած տարբերակները:
2003թ. սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում: 2007թ. գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում: Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով:








































