ՀՀԿ-ն, ինչպես և խոստացել էր, տապալել է ընդդիմության նախաձեռնած՝ Ազգային ժողովի արտահերթ նիստը Ընտրական օրենսդրության փոփոխության հարցերով: ՀՀԿ-ականները չեն ներկայացել նիստին՝ ինչպես հայտարարել էին, և քվորումի բացակայությամբ այն տապալվել է:
Նիստից առաջ՝ այսօր առավոտյան, հոդվածով հանդես էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ առաջնորդը, և ՀՀԿ-ի՝ քվորումի բացակայությամբ նիստը տապալելու փորձերը որակել էր հակասահմանադրական, ինչպես նաև համարել ամբարտավանություն, դատարկաբանություն, զոռբայություն: Տեր-Պետրոսյանի այս միանգամայն արդարացի բնորոշումների ֆոնին հատկապես ուշագրավ է դառնում ՀԱԿ-ի գլխավոր գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6 պատգամավորների, այդ թվում՝ և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը:
Ծառուկյանը, որը հավակնում է լինել հայ ժողովրդի փրկիչը ներկայիս ռեժիմի դեմ պայքարում, որը արդեն մեկ տարուց ավելի է՝ անասելի և համառ ռևերանսների է արժանանում ՀԱԿ-ի և նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, այսօր բացակայում է Լևոն Տեր-Պետրոսյանի ասած՝ հույժ կարևոր քաղաքական իրադարձությունից` արտահերթ նիստից: Նրա հետ միասին բացակայում են ևս 5 պատգամավորներ: ԲՀԿ-ն, ինչպես միշտ, պատճառաբանում է, որ նրանք հարգելի պատճառներով են բացակայում: Երևի վաղը կարող են նույնիսկ հրապարակվել նրանց առողջական բյուլետենները: Սակայն սա արդեն իսկ ցուցիչն է այն լրջության, որով ԲՀԿ-ն մոտենում է առկա ներքաղաքական գործընթացներին:
Եվ այստեղ հարց է առաջանում` Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր այն բնորոշումները, որ տրվում են ՀՀԿ-ականներին` կրկնում ենք, որ միանգամայն արդարացիորեն և երևի թե նույնիսկ ինչ-որ առումով մեղմացված են, արդյո՞ք տարածվում են նաև ՀԱԿ-ի գլխավոր գործընկեր ԲՀԿ-ի բացակաների և հատկապես կուսակցության խարիզմատիկ առաջնորդի վրա: Արդյո՞ք դատարկաբանությունը, զոռբայությունը, ամբարտավանությունը տվյալ դեպքում նաև այս բացականերին բնորոշ գիծ է: Չէ՞ որ ԲՀԿ-ն էլ հանդես է գալիս հանուն ժողովրդավարության և բարեփոխումների բարձրագոչ հայտարարություններով, որոնք, սակայն, առաջին հերթին փաստորեն անկատար են մնում կուսակցության առաջնորդի խորհրդարանական վարքի կոնտեքստում: Մինչդեռ առաջնորդի գործոնը ԲՀԿ-ում բավական մեծ նշանակություն ունեցող հանգամանք է:
Արդյո՞ք Ծառուկյանի բացակայությունն այս հույժ կաևոր պահին առավել ցցուն չէ, քան ՀՀԿ-ականներինը: Ի՛նչ սպասես ՀՀԿ-ականներից: Մի՞թե նրանցից որևէ մեկը ավելին էր սպասում, մի՞թե ՀՀԿ-ն երբևէ ցույց է տվել գործով, որ կարելի է իրենից սահմանադրականություն, օրինականություն կամ բարոյականություն սպասել: Իհարկե ո՛չ, և այս տեսանկյունից ՀՀԿ-ականների քայլը ոչ այլ ինչ է, քան ուղղակի հերթական ինքնադրսևորումը:
Իսկ ահա երբ մարդ հայտարարում է, որ դուրս է գալիս իրավիճակը փոխելու, որ դուրս է գալիս ռեժիմի դեմ պայքարի, ազատությունների համար պայքարի, բայց չի գնում խորհրդարան և իր մեկ, բայց կարևոր քվեն չի ուզում դնել ընդհանուր գործի համար՝ առաջնորդելով իր քաղաքական ուժը, սա արդեն շատ ավելի լուրջ ցուցիչ է: Թեև ԲՀԿ-ի պարագայում էլ ցուցիչներն ու նշաձողերը ՀՀԿ-ից ավելի վեր դասելը երևի թե ինքնախաբեություն է, հետևաբար՝ խնդիրն է այն մարդկանց կամ ուժերի, որոնք համառորեն փորձում են քաղաքագիտական կամ այլ գիտա-ակադեմիա-կրթական արդարացումների տակ հիմնավորել իրենց սպասումները այդ քաղաքական ուժից:
ԲՀԿ-ն այստեղ մեղավոր չէ, և ոչ էլ ԲՀԿ-ի նախագահը: Նրանք էլ, նա էլ, ինչպես ՀՀԿ-ն, իրենց գործն են անում և իրենց օրվա հոգսը հոգում, թեև, իհարկե, շատ մեծ հարց է ընդհանրապես, թե հայաստանյան խորհրդարանում և քաղաքական դաշտում այսօր ո՞վ է ուրիշ գործով զբաղված:








































