Չնայած տարեվերջ է և պետք է որ տնտեսության անկման մասին խոսք չլիներ, սակայն տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ նվազել է 16.5%-ով, իսկ 2012 թ. հունվար- հոկտեմբերին, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 7.2%-ով: Ընդ որում՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կրկին անկում էր՝ 14.0%:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ առավելագույն անկումն արձանագրվել է գյուղատնտեսությունում՝ 32.8%, շինարարությունում՝ 8.9% (նախորդ ամսում աճը՝ 43.4%), առևտրաշրջանառությունում՝ 2.7%, ծառայությունների ծավալը՝ 0.4%: Նվազել է նաև միջին անվանական աշխատավարձը՝ 0.2%: Մինչդեռ սպառողական գները թանկացել են 1.2%-ով:
Որոշ չափով աճ է արձանագրվել արդյունաբերությունում՝ 2.7%, էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 5.7%: Արտաքին առևտրաշրջանառությունում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճը 29.6% է, ընդ որում՝ արտահանումը ներմուծումից ավելի քիչ տեմպերով է աճել՝ համապատասխանաբար 21.3% և 32.4%: 2012 թ. հունվար-հոկտեմբերին, 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը գերազանցում է ներմուծման աճի տեմպերը՝ համապատասխանաբար 7.3% և 2.1%:








































