ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձևավորման և ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվել է նրա կողմից:
Զրույցի ընթացքում նախարարը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշել է, որ Վրաստանի նորընտիր վարչապետի և կառավարության վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների և միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:
Նախարարը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած կառույցում սպասվելիք բովանդակային և կառուցվածքային փոփոխությունները: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվածություններ են ձեռք բերել արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների և ձևերի մասին:
Նոյեմբերի 20-ին դեսպան Մանուկյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության և երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին և աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի և գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաև երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր:











































