Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում հաստատվել են երկու միջկառավարական փաստաթղթեր՝ կապված «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) հետ:
Առաջին փաստաթուղթը Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 25-ին Իզմիրում և առնչվում է ադրբեջանական գազը Թուրքիային վաճառելուն, ինչպես նաև նրա տարածքով տարանցմանը:
Երկրորդ փաստաթուղթը ստորագրվել է 2012 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում: Ըստ այս փաստաթղթի՝ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցման համար կառուցվելու է TANAP գազատարը:
Երկու փաստաթղթերն էլ նոյեմբերի 6-ին դիտարկվել և ընդունվել են Ադրբեջանի խորհրդարանի էներգետիկայի, բնական պաշարների ու բնապահպանության մշտական հանձնաժողովի կողմից: Թուրքիայի խորհրդարանն արդեն իսկ վավերացրել է տվյալ համաձայնագրերը:
TANAP գազատարի կառուցումը գնահատվում է 7 միլիարդ դոլար, խողովակաշարի տրամագիծը կազմում է 56 դյույմ կամ 1.4 մետր: Նախագիծն իրականացվելու է 4 փուլով: Առաջին փուլն ավարտվելու է 2018 թվականին, 2020 թվականին գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է մինչև 16 միլիարդ խորանարդ մետր, 2023 թվականին՝ մինչև 23 միլիարդ խորանարդ մետր, 2026 թվականին՝ մինչև 31 միլիարդ խորանարդ մետր:











































