Slipknot խմբի անդամ Քորի Թեյլորը հայտարարել է, որ կցանկանար դուետ ձայնագրել Ջասթին Բիբերի հետ: Այս մասին նշված է Gigwise կայքում:
Համագործակցության առաջարկը Թեյլորը մտահղացել է՝ դիտելով YouTube-ում ինչ-որ օգտատիրոջ կողմից տեղադրված հոլովակ, որն առնչություն չունի ո՛չ Slipknot-ի, ո՛չ Բիբերի հետ:
Տեսանյութը, որը կոչվում է Psychosocial Baby, իր մեջ ներառել է 2 կոմպոզիցիաներ՝ Բիբերի Baby-ան ու Թեյլորի խմբի Psychosocial-ը:
Տեսանյութը ցանցում հայտնվել է 2011թ. մայիսին ու այդ ժամանակից ի վեր հավաքել է ավելի քան 12 մլն դիտում:
Երգերի համադրությունն այնքան է դուր եկել Թեյլորին, որ նա կապվել է Բիբերի հետ ու առաջարկել հանդիպել՝ ձայնագրելու Psychosocial Baby երգի ակուստիկ տարբերակը, սակայն երգիչը դեռ ժամանակ չունի համատեղ թրեկը ձայնագրելու:
Psychosocial—ը Slipknot-ի չորրորդ ստուդիական ալբոմի՝ All Hope Is Gone-ի երգերից է, որը վաճառքի է հանվել 2008թ. օգոստոսին:
Բիբերի Baby-ն երաժշտի դեբյուտային ալբոմի երգերից է՝ My World 2.0, որը լույս է տեսել 2010թ. մարտին:








































